Լեհաստանի իշխանությունները պատրաստվում են Շենգենյան համաձայնագրի շրջանակներում հայտ ներկայացնել
, ըստ որի որոշ պետությունների համար կչեղարկվի առանց վիզայի մուտքի ռեժիմը։ Այս մասին RMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Չեսլավ Մրոչեկը։
«Մենք, ամենայն հավանականությամբ, Շենգենյան համաձայնագրի շրջանակում դիմում կներկայացնենք և կխնդրենք հրաժարվել որոշ պետությունների համար առանց վիզայի մուտքի ռեժիմից», — ասել է Մրոչեկը։ Գործիչը չի նշել կոնկրետ երկրներ, սակայն բացատրել է, որ սահմանափակումները կանդրադառնան այն պետություններին, որոնց քաղաքացիները պարբերաբար խախտում են Լեհաստանի օրենքները։ Մրոչեկը որպես օրինակ բերել է Կոլումբիան՝ նշելով, որ 2024 թվականի օգոստոսից Վարշավան պարտադրել է այս լատինամերիկյան երկրի քաղաքացիներին աշխատանքի վիզա ստանալ նպատակային այցերի դեպքում, սակայն զբոսաշրջիկների համար առանց վիզայի մուտքը չեղարկված չէ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախկինում հայտարարել է ԵՄ-ի իր գործընկերներին Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Վրաստանի քաղաքացիների համար առանզ վիզայի մուտքը չեղարկելու մեջ։ Նրա կարծիքով՝ պետք է սահմանափակվի երկրի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ անձնական պատժամիջոցներով:
Լեհաստանի ոստիկանության վիճակագրության համաձայն՝ Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի քաղաքացիները առաջատար են օտարերկրացիների շրջանում կատարված հանցագործությունների թվով։