Գերմանիան, Իտալիան և Եվրամիության ևս մի քանի երկրներ կասեցնում են Իսրայելի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստումը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը։
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում չի հաջողվել համաձայնեցնել պատժամիջոցների փաթեթի ընդունման ընթացակարգի մեկնարկը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Գերմանիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները նիստում հայտարարել են, որ ցանկանում են լրացուցիչ կերպով վերլուծել նախաձեռնությունը, ինչպես նաև անհրաժեշտ են համարում «սպասել առաջիկա օրերին իրադարձությունների հետագա զարգացմանը»։ Բացի այդ, որոշ երկրներ մտահոգված են, որ պատժամիջոցները կարող են բարդացնել իսրայելական իշխանությունների հետ երկխոսությունը։
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն այժմ պետք է զբաղվի պատժամիջոցների ներդրման վերաբերյալ առաջարկի հետ կապված տեխնիկական հարցերի լուծմամբ։ Սակայն, ինչպես հայտնում է DPA գործակալությունը՝ ակնկալվում է, որ այս գործընթացը կձգձգվի իրավական վեճերի պատճառով։ Բացի այդ, գործակալությունը նշում է, որ որոշ երկրներ ընդհանրապես կասկածում են, որ պատժամիջոցները կարող են ընդունվել, քանի որ դրանց հաստատման համար անհրաժեշտ են առնվազն 15 անդամ երկրների ձայներ, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության 65%-ը։ Հաշվի առնելով արդեն իսկ արտահայտված տարաձայնությունները կարելի է ասել, որ սա արդեն իսկ զգալի խոչընդոտ է։
Ինչպես հիշեցնում է գործակալությունը՝ երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել կասեցնել Իսրայելի մասնակցությունը «Horizon Europe» գիտահետազոտական ծրագրին։ Եվրահանձնաժողովը նման որոշման հիմնավորում է համարել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, որոնք, ըստ Բրյուսելի, խախտում են միջազգային իրավունքը և մարդու իրավունքները։ Մասնավորապես, ԵՀ-ի գրության մեջ հիշատակվում են քաղաքացիական անձանց շրջանում Իսրայելի ռազմական գործողության զոհերը և սովից ու թերսնուցումից տառապող մարդկանց աճող թիվը։