Թաիլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել սահմանային լարվածության թուլացման ծրագրի շուրջ

Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում համաձայնեցրել են սահմանային լարվածությունը նվազեցնելու գործողությունների ծրագիրը։ Այս մասին ասված է Թաիլանդի թագավորական բանակի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ծրագիրը ներառում է անհապաղ հրադադար, քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառման արգելք, զորքերի թվաքանակի ավելացման և տեղակայման արգելք «այնպիսի եղանակներով, որոնք կարող են սխալ մեկնաբանվել», ինչպես նաև վիրավորների և զոհվածների մարմինների փոխանակում։ Կողմերը նաև պայմանավորվել են տեղական մակարդակով համատեղ համակարգող խումբ ստեղծել «շտապ հարցերը լուծելու և հետագա միջադեպերը կանխելու համար»։

Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ համապատասխան կոնսենսուսին հասել են Թաիլանդի 2-րդ ռազմական շրջանի և Կամբոջայի 4-րդ ռազմական շրջանի ղեկավարության միջև եղած բանակցությունների ընթացքում։ Հանդիպումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 06:00-ին)՝ Թաիլանդի Սուրին նահանգի Չոնգ Չոմ սահմանային անցակետի մոտ։ Բացի այդ, բանակցություններ են անցկացվել Թաիլանդի 2-րդ ռազմական շրջանի և Կամբոջայի 5-րդ ռազմական շրջանի ղեկավարության միջև։ Վիրտուալ հանդիպում են անցկացրել նաև Թաիլանդի Տրատ և Չանթաբուրի նահանգների սահմանապահ ուժերի և Կամբոջայի 3-րդ ռազմական շրջանի ներկայացուցիչները։

Ըստ Թաիլանդի թագավորական բանակի հայտարարության՝ երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները «երեք սահմանային հատվածներում էլ» պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել զորքերի բոլոր տեղաշարժերը՝ սպասելով օգոստոսի 4-ին նախատեսված Սահմանային ընդհանուր կոմիտեի (General Border Committee, GBC) նիստին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031