Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում երկու օր առաջ տեղացած կարկուտի հետևանքով ամբողջ բերքը վնասվել է. բնակիչները նոր էին սկսել ծիրանի բերքահավաքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ասաց Լեռնագոգի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը։
Նա նշեց, որ գյուղում ընդհանուր առմամբ 30 հեկտար այգիներ կան. ամբողջ բերքը վնասվել է, հաստաբուն ծառերն արմատախիլ են եղել, նոր ծառերի ճյուղերը կոտրվել։
«Հաջորդ տարի էլ բերք չի լինելու, կարկուտը ծառերի երիտասարդ շիվերն էլ է կոտրել»,–ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ ընդամենը 9 րոպե տևած ուժգին կարկուտը նաև տնամերձ այգիների բերքն է վնասել։
Նա հավելեց, որ վերջին տարիների ընթացքում նման բան չէր եղել, որ կարկուտի կամ հորդառատ անձրևի հետևանքով նման քանակությամբ բերք կորցնեն։
Սարգիս Մարգարյանը նշեց, որ կարկուտի հետևանքով Լեռնագոգում երկու մեքենա է վնասվել ու մեկ տան տանիք։
«Մարզպետարանից եկել են, ամբողջը լուսանկարել, վնասը գույքագրել, պատկան մարմիններին կներկայացնեն, տեսնենք՝ ինչ արձագանք կլինի»,–ասաց Լեռնագոգի վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ուժգին կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում։ Կարկուտի ու ուժգին քամու հետևանքով բոլոր բնակավայրերում գյուղացիները լուրջ վնասներ են կրել։