Միացյալ Նահանգները ձախողել են Իրանի դեմ տարածաշրջանային և միջազգային կոալիցիա ստեղծելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալի Մոհամադ Նայեինին, որի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Ըստ նրա, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իսլամական Հանրապետության ձեռքում է։ Նայեինին ընդգծել է, որ հենց Իրանն է սահմանելու հակամարտության ավարտի պայմաններն ու ռազմական գործողությունների դադարեցման պահը։
«Թեհրանի դեմ միջազգային լայն ճակատ ձևավորելու ԱՄՆ-ի ռազմավարությունը չի տվել սպասված արդյունքները»,- ասել է իրանցի գեներալը։
Նա նշել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել համախմբել դաշնակիցներին և տարածաշրջանում ստեղծել արդյունավետ հակաիրանական կոալիցիա։
Իրանական կողմի պնդմամբ, Թեհրանի գործողություններն ու հակառակորդի հարձակումներին տված ռազմական պատասխանը փոխել են ուժերի հավասարակշռությունը։ ԻՀՊԿ-ում համարում են, որ ստեղծված իրավիճակը վկայում է դրված նպատակներին հասնելու հարցում ԱՄՆ-ի անկարողության մասին։
Նայեինին հավելել է, որ հակամարտության հետագա զարգացումն ու դրա ավարտը կախված կլինեն Իրանի որոշումներից։ Նա շեշտել է, որ Թեհրանը կշարունակի գործել՝ ելնելով սեփական շահերից, և մտադիր է ինքնուրույն որոշել պատերազմի հնարավոր դադարեցման պայմանները։
Ինչպես հայտնում է ИРНА-ն, գեներալ Նայեինին նաև պատերազմի ընթացքում Իրանի ձեռքբերումների օրինակներ է բերել.
Ոչնչացվել է ամերիկյան 4 THAAD համակարգ։
Խոցվել է թշնամական 18 նավ և նավթակիր լցանավ։
Պատերազմի օրական արժեքը հակառակորդի համար կազմում է մոտ 1,5 միլիարդ դոլար։
Հարվածներ են հասցվել հակառակորդի 200 ռազմավարական օբյեկտի։
Խոցվել է թշնամական մոտ 10 կործանիչ։






































