1900 թվականի Benz-ից մինչև Skyline GT-R. հայտնաբերվել է աշխարհի ամենաարտասովոր ավտոհավաքածուներից մեկը

Ավտոմեքենաների հավաքածուների աշխարհում կան ոչ միայն հայտնի թանգարաններ և միլիարդատերերի հավաքածուներ: Կան նաև այնպիսիք, որոնց մասին գիտեն միայն տեխնիկայի իսկական սիրահարները: Ըստ Autocar-ի, դրանցից մեկը պատկանում է քաթարցի գործարար շեյխ Ֆեյսալ բին Քասիմ Ալ Թանիին. իր մասշտաբներով այն հիշեցնում է 20-րդ դարի լիարժեք ավտոմոբիլային արխիվ:

Նրա մասնավոր թանգարանում արդեն ցուցադրված է շուրջ 300 ավտոմեքենա, բեռնատար և մոտոցիկլետ, իսկ ևս մոտ հազար մեքենա պահվում է պահոցներում: Ապագայում նախատեսվում է բացել նոր տարածք, որտեղ կցուցադրվեն բոլոր՝ ավելի քան 1200 ցուցանմուշները:

Հավաքածուն հետաքրքիր է ոչ միայն քանակով, այլև անհավանական բազմազանությամբ: Այստեղ կողք-կողքի կարող են կանգնած լինել հազվագյուտ ամերիկյան մասլքարը, 20-րդ դարասկզբի եվրոպական հնաոճ մեքենան և 1980-ականների ամենագնացը: Օրինակ՝ դասական մեքենաների թվում առանձնանում է 1963 թվականի հազվագյուտ Քրայսլեր 300J-ն (Chrysler 300J). այն Քրայսլերի հանրահայտ «տառային» շարքի ամենահազվադեպ ներկայացուցիչներից է, որից արտադրվել է ընդամենը մոտ չորս հարյուր օրինակ:

Կան նաև իսկական պատմական արժեքներ: Հավաքածուի ամենահին բեռնատարը 1895 թվականի Մերկուրին (Mercury) է, իսկ մարդատարների մեջ՝ 1900 թվականի Բենց Իդեալը (Benz Ideal): Վերջինս ունի միագլան շարժիչ և զարգացնում է ժամում ընդամենը մոտ 8 մղոն առավելագույն արագություն, սակայն նույնիսկ այս վաղ շրջանի մեքենայի վրա նախատեսել են արտասովոր դետալ՝ թևին ամրացված ներկառուցված հովանոց:

Թանգարանում մեծ տեղ են զբաղեցնում նաև մարզական և պաշտամունքային մոդելները: Այստեղ կարելի է տեսնել Նիսան Սքայլայն (Nissan Skyline GT-R R34), լեգենդար Լամբորգինի (Lamborghini LM002) ամենագնացը՝ Countach-ի V12 շարժիչով, ինչպես նաև բազմաթիվ ամերիկյան մասլքարներ՝ Պոնտիակ (Pontiac GTO)-ից մինչև Շեվրոլե Կամարո (Chevrolet Camaro SS396): Այս մեքենաները խորհրդանշում են այն դարաշրջանը, երբ V8 շարժիչների հզորությունն ու ագրեսիվ դիզայնը դարձան ամերիկյան ավտոարտադրության այցեքարտը:

Առանձին անկյուն է հատկացված ամենագնացներին և աշխատանքային տեխնիկային: Այնտեղ կարելի է հանդիպել Տոյոտա Լենդ Քրուզերի (Toyota Land Cruiser) տարբեր սերունդների, հին ամերիկյան պիկապների և նույնիսկ 1930 թվականի Ֆորդ Մոդել A (Ford Model A) հրշեջ մեքենայի, որը ստեղծվել էր որպես հրշեջ բրիգադի ղեկավարի թեթև հրամանատարական մեքենա:

Ավտոսիրողների համար այս հավաքածուն, ըստ էության, ճանապարհորդություն է ավտոմեքենայի էվոլյուցիայի միջով՝ դանդաղաշարժ միագլան մեքենաներից մինչև բազմալիտր V8-ներ և պաշտամունքային մարզական մոդելներ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031