Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն

Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման վերաբերյալ անցկացված հանրաքվեն։

Ըստ լրատվամիջոցների՝ երկրի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացվել էին տեղական ժամանակով ժամը 7:00-ին, փակվել են ժամը 20:00-ին։

Ղազախստանի կենտրոնական հանրաքվեի հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ցուցակներում ներառված է եղել հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ավելի քան 12 միլիոն քաղաքացի։ Քվեարկությունը կազմակերպելու համար երկրի ներսում և արտերկրում բացվել է ավելի քան 10,000 ընտրատեղամաս։ Դրանցից մի քանիսը ստեղծվել են տարբեր երկրներում գտնվող Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչություններում՝ արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկելու հնարավորությունն ապահովելու համար։

Թափանցիկությունն ապահովելու համար հանրաքվեի մոնիթորինգին մասնակցել են 359 միջազգային դիտորդ և 206 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հանրաքվեի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մասնակցության ապահովմանը։

Ընտրատեղամասերում ներդրվել են տարբեր տեխնոլոգիական լուծումներ՝ մատչելիությունը բարելավելու համար։

Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները կարողացել են լրացնել իրենց քվեաթերթիկները Բրայլի գրատիպով, իսկ Սահմանադրության նախագծի տեքստը ներկայացվել է երկլեզու և Բրայլի գրատիպով։

Նշենք, որ հանրաքվեն անցկացվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ և նախատեսում է երկրում լայնածավալ սահմանադրական բարեփոխումների իրականացում։ Առաջարկվող նախագիծը փոփոխություններ է մտցնում Սահմանադրության զգալի մասում, ինչպես նաև ավելացնում է նոր հոդվածներ։

Քվեաթերթիկում քաղաքացիներին խնդրվում էր արտահայտել իրենց կարծիքը նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ՝ ընտրելով «կողմ» կամ «դեմ»։

Քվեարկության հաշվարկն այժմ շարունակվում է։ Հանրաքվեի վերջնական արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն հաշվարկի ավարտից հետո։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031