Ամենայն հավանականությամբ հուլիսից ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Կառավարությունը, և բոլոր այն աշխատողները, որոնք, իրենց գործը թողած, կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև ՀԷՑ-ում շատ ավելի շատ աշխատանք կա:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք, գործը թողած, զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից:
Ըստ նրա՝ վարչապետը գրառման մեջ նշել է հուլիս ամիսը, քանի որ հուլիսից ամենայն հավանականությամբ կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը։
«Այսինքն՝ եթե կան մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, այնպես անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, գործի ժամին գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում՝ քաղաքական խարդավանքներով, կազատվեն»,- ասաց Ալեքսանյանը:
Հարցին՝ որտեղից պատգամավորին նման տեղեկություն, որ կան մարդիկ, որոնք գործի ժամին գործ չեն անում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ ՀԷՑ-ում մարդկանց, աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգներին»:
Նա նաև նշեց՝ չի հավատում, որ նույնիսկ 1-2 աշխատող լինի, որ միտինգներին ինքնակամ մասնակցի: