Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Ունենք երեք մահացած (այդ պահին դեռ 4–րդ զոհի մասին հայտնի չէր–խմբ), երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին ծնված»,- նշեց մարզպետը:
Նա հայտնեց, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:
«Գնահատումները անելուց, վերջացնելուց հետո կներկայացնենք ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ի գործընկերներին: Գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն: Կան անհետ կորածներ։
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: