Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին ներկա կլինի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։
Այս մասին Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Պատասխանելով ուրբաթ օրը նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին՝ Ռուբիոն ասել է, որ Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ։
«Ես կհանդիպեմ նրանց հետ, մեր թիմից ինչ-որ մեկը կներգրավվի Ռուսաստանի հետ բանակցություններում, նրանք ավելի ցածր մակարդակի խումբ են ուղարկել։ Հուսով եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այդ բանակցությունները տեղի կունենան մեր թուրք գործընկերների, ինչպես նաև մեր թիմի որոշ ներկայացուցիչների կամ համապատասխան մակարդակի անդամների ներկայությամբ»,- ասել է Ռուբիոն։
Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առանց նախապայմանների մայիսի 15-ին վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները Ստամբուլում, որոնք ընդհատվել են 2022 թվականին։ Զելենսկին պատրաստակամություն էր հայտնել անձամբ մասնակցել դրանց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգա Ստամբուլ։
Մայիսի 15-ին ՌԴ ու Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել էին Ստամբուլ:
Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հատուկ ռազմական գործողության բոլոր հրամանատարների հետ հանդիպումից հետո սահմանել է խնդիրները և սահմանել բանակցային դիրքորոշումը։
Մեդինսկու խոսքով՝ ռուսական պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար և հանձնառու է կառուցողական մոտեցմանը, հնարավոր լուծումների և շփման կետերի որոնմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների: