Միչիգանում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերը ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ, և իր կոշտ ներգաղթային քաղաքականությունն անվանել է իր գլխավոր ձեռքբերումներից և նախընտրական խոստումներից մեկը։
«Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել, ամեն ինչ նոր է սկսվում»,- իր կողմնակիցներին ասել է նա։
Թրամփը ելույթ է ունեցել Ուորեն քաղաքում, որը գտնվում է Դեթրոյթից հյուսիս՝ ամերիկյան ավտոարդյունաբերության կենտրոնում և Կանադայի հետ սահմանի մոտ։
Թրամփը հայտարարել է, թե ավտոմոբիլային ընկերությունները «շարվում են» Միչիգանում նոր գործարաններ բացելու համար:
Իր ելույթում նա կրկին քննադատել է դեմոկրատներին և նախորդ վարչակազմին, ինչպես նաև նշել այն որոշումները, որոնք արդեն կայացրել է պաշտոնավարման ընթացքում և ասել, որ «խելագարությունն ու տրանսգենդերային գաղափարախոսությունը դուրս է մղում կառավարությունից»՝ արժանանալով ժողովրդի ծափահարություններին:
«Մենք Ամերիկան կրկին հզոր ենք դարձնում, և մենք դա անում ենք արագորեն», — հավելել է նա։
Խոսելով ներգաղթի մասին՝ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենի (որին նա մի քանի անգամ հիշատակել է իր ելույթում) վարչակազմին անօրինական ներգաղթյալներին «բռնաբարել և սպանել» թույլ տալու համար, որոնք, ըստ նրա, ներվել են ամերիկացիներին։
«Կարող եմ հայտնել, որ այս նողկալի դավաճանությունն ավարտվել է»,- ասել է նա։
Թրամփը նշել է, թե Վաշինգտոնն արդեն ապահովել է ամերիկյան սահմանը, սակայն «դատարանները հետապնդում են» և փորձում են կանխել «անհավանական վատ» մարդկանց արտաքսումը Միացյալ Նահանգներից։
«Վատագույններից վատագույնները բանտ են նստելու Էլ Սալվադորում»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով մեգաբանտը, որը դարձել է մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույցների առարկա:
Քաղաքացիներին ցուցադրվել է նաև տեսագրություն, թե ինչպես են արտաքսված միգրանտները կապանքներով կապված և նրանց ստիպողաբար մտցնում են խցերը Սալվադորի բանտում:
Թրամփի ելույթը տևել է մոտ մեկուկես ժամ։ Դրանում նա հազիվ թե անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ նշելով միայն, որ պատրաստվում է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։
Իրականում, Թրամփի առաջին 100 օրերը նշանավորվել են նախագահական լիազորությունների լայնածավալ օգտագործմամբ՝ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու, կառավարության ծրագրերի կրճատման, զանգվածային արտաքսումների և այլ միջոցների համար:
Թրամփի շատ կողմնակիցներ ողջունում են այս նախաձեռնությունները, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նախագահի քննադատներին անհանգստացնում է այն ուղղությունը, որով ընթանում է երկիրը։
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե չի հավատում հարցումներին, որոնք, իր կարծիքով, ցույց են տալիս ավելի շատ դեմոկրատների, քան հանրապետականների կարծիքները, և գնահատում է, որ իր վարկանիշն ամերիկացիների շրջանում 60-70% է:
Ըստ Gallup-ի՝ Թրամփը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ միակ նախագահն է, որին 100 օր պաշտոնավարելուց հետո աջակցում է բնակչության կեսից էլ պակասը. ըստ հարցումների՝ նրա վարկանիշը 44% է։
Ելույթը նման է եղել տասնյակ այլ միջոցառումների, որոնք Թրամփն անցկացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, դրանք բացվել են կրկին «YMCA» և «God Bless The USA» երգերով: Նախագահն այնուհետև քարկոծել է իր քննադատներին՝ դեմոկրատներին, հանրապետականներին, ովքեր ամեն ինչում համաձայն չեն նրա հետ, լրատվամիջոցներին, սոցիոլոգներին, պետական պաշտոնյաներին և Չինաստանին:
Թեմայից թեմա ցատկելով՝ նա ներգաղթի վերաբերյալ մեկնաբանությունները ուղեկցել է «արյունարբու ավազակախմբերի», «դաժան վայրենիների», «բռնաբարությունների և ջարդերի» պատկերավոր նկարագրությամբ։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի մոռացել ինքնագովեստը և հայտարարել է, որ ինքը ղեկավարում է ոչ միայն երկիրը, այլ աշխարհը պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետում։