Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեւերի ելույթը, որտեղ ուրվագծվում էին այն պայմանները, որոնց դեպքում երկիրը կքննարկի սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը, ծափահարություններ առաջացրեց Ներկայացուցիչների պալատում: Նրա ելույթից հատվածներ են հրապարակել VRT-ն եւ ինքը՝ վարչապետը, X սոցցանցում։
Դե Վեւերն ընդգծել է, որ Բրյուսելի դիրքորոշումը չափազանցված չէ. «Մենք անհիմն պահանջներ չենք ներկայացնում. նմանատիպ իրավիճակում գտնվող ցանկացած երկիր կաջակցվի նույն փաստարկներով: Սա հաստատել են բազմաթիվ եվրոպացի առաջնորդներ: Մենք մնում ենք կառուցողական եւ առաջարկում ենք Ուկրաինայի ֆինանսավորման այլընտրանքային միջոցներ: Բելգիան, անկասկած, վճռականորեն աջակցում է Ուկրաինային եւ անում է ամեն ինչ նրան աջակցելու համար»,- հայտարարել է նա՝ նորից Ներկայացուցիչների պալատի ծափահարությանն արժանանալով։
Վարչապետը կրկնել է, որ Euroclear-ում սառեցված միջոցների օգտագործումը կարող է լուրջ իրավական եւ ֆինանսական հետեւանքներ ունենալ ինչպես Բելգիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար: Նա թվարկել է երեք պայման, որոնց դեպքում երկիրը պատրաստ կլինի քննարկել նման գործողությունը:
Դե Վեւերը առաջին պայմանն անվանել էց ռիսկերի բաշխումը՝ ընդգծելով, որ Բելգիան չի համաձայնի դրանք միայնակ կրել: Նա ավելացրել է, որ անօրինական բռնագրավման համար հնարավոր տուգանքները կարող են բազմիցս գերազանցել ակտիվների արժեքը։
Երկրորդ պայմանը վերաբերում է լիկվիդայնությանը եւ պաշտպանության մեխանիզմներին. Euroclear-ը, նրա խոսքով, պետք է ունենա բավարար պահուստներ ռուսական հակազդեցությունների կամ ակտիվները վերադարձնելու անհրաժեշտության դեպքում։
Երրորդ պայմանը պահանջում է ծախսերի արդար բաշխում։ Վարչապետը նշել է, որ ԵՄ բոլոր երկրները, որոնցում գտնվում են սառեցված ռուսական ակտիվները, պետք է մասնակցեն ֆինանսավորմանը համամասնական բաժնեմասերով։
Եվրահանձնաժողովը նախկինում հաստատել էր Ուկրաինայի համար ֆինանսավորման տարբերակներ, այդ թվում՝ մինչեւ 165 միլիարդ եվրոյի «փոխհատուցման վարկ», որը ապահովագրված է ռուսական ակտիվներով։ Սակայն Բելգիան, Euroclear-ը եւ ԵԿԲ-ն դեմ են այս միջոցառումներին՝ դրանք համարելով իրավաբանորեն խոցելի եւ ֆինանսապես ռիսկային։ Մոսկվան, իր հերթին, զգուշացրել է ռուսական ակտիվներն օգտագործելու ցանկացած փորձի համար կոշտ պատասխան միջոցառումների մասին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նման գործողություններն անվանել է «գողություն» եւ հայտարարել է հակազդեցությունների փաթեթի պատրաստման մասին՝ առանց մանրամասներ նշելու։






































