Skip to main content

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին։ Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն ներառում է տրանսպորտային միջոցներ, շտապօգնության մեքենաներ, պաշտպանիչ սարքավորումներ, տեխնիկական սպասարկման գործիքներ, ինչպես նաև ժամանակակից ՏՏ սարքավորումներ Այրումի սահմանային անցակետի համար։ Սարքավորումները թույլ կտան մեծացնել անցակետի թողունակությունը, կամրապնդեն սահմանների կառավարման կարողությունները և կնպաստեն ՀՀ սահմանապահ զորքերի արդիականացման ընթացիկ գործընթացին։
Նվիրատվությունն արտացոլում է սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը։ ԱՄՆ աջակցությունը կօգնի ամրապնդել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կարողությունները` պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և ապահովելու մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժը՝ երկրի սահմանների պահպանության առավել մեծ պատասխանատվության ստանձնմանը զուգընթաց։ Սա ներառում է պահպանությունը տարածաշրջանային փոխկապակցվածության համար կարևոր երթուղիների երկայնքով և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու պատշաճ հագեցվածությամբ, ժամանակակից և արհեստավարժ սահմանապահ զորքերի կայացմանը Հայաստանում և նպաստելու ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հայաստանի, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031