Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ

Դեկտեմբերի 4-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:

«Հայաստանը, հանդիսանալով Կոմիտեի անդամ, ընտրվեց 20-րդ նստաշրջանի փոխնախագահ։

Կոմիտեն ընդունեց որոշում՝ «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմում պատրաստելու նպատակով Հայաստանին տրամադրված միջազգային օժանդակության շրջանակներում իրականացված ծրագիրն ամփոփելու վերաբերյալ։

Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին՝ տրամադրված միջազգային օժանդակության ծրագրի համար և գնահատանք հայտնեց քարտուղարությանը՝ սերտ և արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ ՀՀ դեսպանն անդրադարձավ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընդգծեց, որ Հայաստանը քարտուղարությանն է ներկայացրել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտը։

Նստաշրջանի ընթացքում կոմիտեն դիտարկեց նաև 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության քարտուղարության զեկույցը, միջազգային օժանդակության մեխանիզմի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, այս կապակցությամբ ստացված նոր դիմումները։ Անդամ երկրների հայտերի հիմքով՝ Կոմիտեն ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհեց մի շարք մշակութային օբյեկտների»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031