Skip to main content

Հետևողական պայքարը, ի վերջո, արդյունք տալիս է․ Ավետիք Չալաբյան

Հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել․ համոզվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ազատ արձակվելուց հետո նա հայտարարություն է տարածել։

«Սիրելի բարեկամներ,

Ինչպես արդեն շատերդ գիտեք, երկու ամսվա ապօրինի ազատազրկումից հետո, երեկ Երևանի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, վերացրեց կալանքի որոշումը և ինձ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

• Սա կարևոր հանգրվան էր, և ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, և հետևողական պայքարը, զուգորդված իրավական և քաղաքական հարթություններում, ի վերջո իր արդյունքը տալիս է: Այս արդյունքում իրենց դերն են ունեցել բազմաթիվ մարդիկ, և ես կուզեի այստեղ իմ երախտիքի խոսքն ուղղել նրանց՝

— ընտանիքիս անդամներին, և մասնավորապես հերոսական կնոջս, ով ստանձնեց իր վրա պայքարի այս փուլում թերևս ամենածանր բեռը,
— ի պաշտպանություն ստեղծված հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հետևողական, մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեցին հանրային դաշտում,
— փաստաբանական խմբի բոլոր անդամներին, ովքեր միակ կապող օղակն էին արտաքին աշխարհի հետ, և բարձրորակ իրավական պաշտպանություն ապահովեցին այս ողջ ընթացքում,
— «ՀայաՔվե» միավորման մեր բազմաթիվ ընկերներին, որոնք միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցաբերեցին,
— հանրային դաշտի մեր բազմաթիվ գործընկերներին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր իրենց աջակցության ձայնը բարձրացրեցին այս օրերին,
— ազատազրկման վայրում հանդիպած բազմաթիվ բարի կամքի մարդկանց, որոնք չէին վարանում իրենց սատարումը ցուցաբերել և թեթևացնել ազատազրկման բեռը,
— և վերջապես, բոլոր մեր համախոհներին և աջակիցներին, որոնք այս ընթացքում բարի խոսքով, մարդկային կարեկցանքով, ուշադրության տարբեր նշաններով շարունակել են սատարել մեզ, դրանով իմաստ հաղորդելով այն ուղուն, որով մենք շարունակում ենք ընթանալ:

Թերևս, այս երախտիքի խոսքերը վերջ չունեն, և չեն կարող արտահայտել մարդկային երախտագիտության այն անսահման զգացումը, երբ չորս նեղ պատի մեջ զգում ես, որ մենակ չես, որ քեզ դուրսը սպասող և դրա համար ակտիվ պայքարողներ կան: Դրանով հանդերձ, այդ պայքարը բնավ չի ավարտվել, և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի և նաև Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքաքան բանտարկյալները և պատանդները, մինչև մեր երկիրը դառնա պաշտպանված և անվտանգ, մինչև Արցախի մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները և վերգտնեն իրենց բնականոն կյանքը:

Այս ամենը դեռ առջևում է, իսկ մինչ այդ խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը, ովքեր այսօր էլ այն տանում են կամ մեզ վրա հույսով են նայում երկնքից: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, Աստված մեզ զորավիգ»։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանը որևէ խափանման միջոց չկիրառեց «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ։

Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից։ Մինչդեռ հանրային մեղադրողը պահանջել էր, որպեսզի Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով:

Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել, իբր թե, ընտրողների ընտրական իրավունքին խnչընդոտելու նախապատրաստության համար:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31