Skip to main content

ԱԱԾ տնօրենի տեղակալի մասնակցությամբ քննարկվել են սահմանապահ զորքերի ծառայության արդյունքները

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

Զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ.Մինասյանը, գնդապետ Լ.Սադոյանը, գնդապետ Լ.Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր։

Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31