Skip to main content

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ են: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ Հայաստանի Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է, որը բխում է Կառավարության Խաղաղության խաչմերուկ նախագծից:

«ԹՐԻՓՓ նախագիծը, որն իրագործվելու է ՀՀ-ի տարածքում և ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա, վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի շրջափակումը հիմա արդեն իսկ մասամբ հաղթահարված է, քանի որ 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է դեպի Հայաստան ներմուծումների և Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախաղքալաք-Կարս երկաթուղին այս տարվա մայիսից բացվել է դեպի Հայաստան ներմուծումների և Հայաստանից արտահանումների համար։

«Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ ԹՐԻՓՓ նախագիծը, սակայն, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու՝ ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապն է բացելու Սյունիքի մարզի հետ՝ Նախիջևանի տարածքով, Հայաստանն այդպիսով ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին»,-շեշտեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար։ Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։

«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին ԹՐԻՓՓ-ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն՝ այդ նախագծի մաս չէ, նրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերվում է բուն ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագրով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ, և հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու, հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են ԹՐԻՓՓ-ով՝ Նռնաձոր-Ագարակ երկաթուղով։ Հասկանալի է, որ Ագարակից բեռները մտնելու են Նախիջևան և այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումն էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այդ իրադրությունը հետևյալն է. Խորհրդային ժամանակներում Նախիջևանից երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մտել է Հայաստան և շարունակվել է մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա և մտել Թուրքիա, ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները, ոգևորված լինելով ԹՐԻՓՓ նախագծով և ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով, Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր-Ագարակ երկաթուղով Նախիջևան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ թե Հայաստանի երկաթուղով այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի բնորոշմամբ՝ այդ ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում են խուսափել Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել՝ ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով։

«Նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ՝ ռիսկի են դիմում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԹՐԻՓՓ-ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31