Երևանի «Արարատը» պաշտոնապես դիմել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարմիր քարտի և հեռացման դրվագի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և անփոփոխ.
««Արարատ» ՖԱ պաշտոնական դիրքորոշումը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման միջադեպի վերաբերյալ
Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնական դիրքորոշում է ուղարկել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ օգոստոսի 21-ին կայացած խաղի 55-րդ րոպեին թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հեռացման դրվագի վերաբերյալ։ Չխրախուսելով ֆիզիկական հակազդեցությունը՝ ակումբն ընդգծել է, որ Հարոյանի արձագանքը չի կարող դիտարկվել մրցակցի սադրանքից (անընդունելի հայհոյանք) անջատ․
Մրցակցի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը խաղային դրվագից հետո ինքն է մոտենում Հարոյանին,
Մոտ տարածությունից առերես խոսում է՝ բերանը ձեռքով ծածկած,
Միայն դրանից հետո հետևում է Հարոյանի մեկանգամյա, անմիջական հրումը, որին որևէ ագրեսիվ շարունակություն չի հաջորդել։
Բերանը ծածկած հաղորդակցումը կանխող նորմերը, որոնք ընդունվել են IFAB կողմից և կիրառվել են վերջին Աշխարհի առաջնության ժամանակ, փաստում են նման վարքագծի սադրիչ բնույթը։ Թեև կանոնը Հայաստանում անցկացվող մրցումներում դեռևս իմպերատիվ չէ, բայց դրա բացակայությունն էլ հանգեցրել է այս իրավիճակին։
Մրցակցի սադրանքը միջադեպի անմիջական պատճառն է։ Բացի այդ, Հարոյանի արարքը կրել է ակնթարթային բնույթ, իսկ կարմիր քարտի պատճառով թիմն արդեն իսկ ծանր խաղային գին է վճարել։ Ակումբն ակնկալում է պատասխանատվության միջոցի համաչափ գնահատում։
Ակումբի միջնորդությունը կոմիտեին․
Վարազդատ Հարոյանի նկատմամբ չկիրառել լրացուցիչ պատասխանատվության միջոց (կամ կիրառել պայմանական)՝ որակազրկումը սահմանելով 1 խաղ։
«Արարատ» ակումբի նկատմամբ տուգանք չկիրառել կամ սահմանել նվազագույն չափով։
Կարգապահական գնահատական տալ Իասոնաս Պիկիսի սադրիչ վարքագծին», — նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Արարատ» — «Փյունիկ» հանդիպումը կայացել էր ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:






































