Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բարձր են գնահատել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, որը ներառում է քաղաքական, ռազմավարական և ռազմական հարցեր, անվտանգություն, առևտուր և ներդրումներ, էներգետիկա, գիտություն, տիեզերք, խաղաղ միջուկային էներգիա, մշակույթ, կրթություն և մարդասիրական համագործակցություն։ Պուտինի Նյու Դելի այցից հետո 70 կետից բաղկացած համատեղ հայտարարություն է հրապարակվել։
Մասնավորապես, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում «կողմերը համաձայնել են խրախուսել Հնդկաստանում ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի սպասարկման համար նախատեսված պահեստամասերի, բաղադրիչների, հավաքույթների և այլ արտադրանքի համատեղ արտադրությունը՝ «Արտադրիր Հնդկաստանում» ծրագրի շրջանակում՝ տեխնոլոգիաների փոխանցման և Հնդկաստանի զինված ուժերի կարիքները բավարարելու, ինչպես նաև բարեկամ երրորդ երկրներ հետագա արտահանման համար համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով»։
Ռուսաստանը և Հնդկաստանը հաստատել են երկկողմ առևտուրն ընդլայնելու, արդյունաբերական համագործակցությունը ամրապնդելու, ազգային արժույթներով հաշվարկները և լոգիստիկ կապերը զարգացնելու մտադրությունը, ներառյալ Հյուսիս-Հարավ և Չեննայ-Վլադիվոստոկ տրանսպորտային միջանցքները, ինչպես նաև Հյուսիսային ծովային ճանապարհը։
Հայտարարության մեջ հատուկ շեշտադրվել է միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը, ներառյալ՝ «Կուդանկուլամ» ատոմակայանը, տիեզերքի ուսումնասիրությունը «Ռոսկոսմոս»-ի և Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության միջոցով, ինչպես նաև մշակութային և մարդասիրական փոխանակումները։
Այցն ավարտելով՝ Պուտինը Մոդիին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և Հնդկաստանի վարչապետին հրավիրել հաջորդ տարի այցելել Ռուսաստան՝ Ռուսաստան-Հնդկաստան 24-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ռուսաստանի նախագահի պետական այցը Հնդկաստան, որը սկսվել էր դեկտեմբերի 4-ին, կավարտվի այսօր։ Մոդիի հետ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ, և երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից։ Պուտինը այսօր կմասնակցի նաև Ռուսաստան-Հնդկաստան գործարար ֆորումի լիագումար նիստին։






































