Skip to main content

Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։

Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար և երբ դա հնարավոր է դարձել, վերածնել ենք այն։ Սա մեր՝ իրապես պետական ժողովուրդ լինելու լավագույն առհավատչյան է։

Այսպես եղավ նաև 35 տարի առաջ, երբ կոտրեցինք անազատության կապանքներն ու հռչակեցինք մեր կամքը՝ ապրել ազատ ու անկախ Հայաստանում։

Բայց մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական։

Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։

Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։

Մենք դա արեցինք մեծ դժվարությամբ, զոհողություններով, ցավով ու արյամբ, բայց մենք արեցինք դա։

Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930