ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և նրան լրացուցիչ լիազորություններ է տալիս մաքսատուրքեր սահմանելու այն երկրների դեմ, որոնք շարունակում են գնել ռուսական էներգակիրներ։
Մասնավորապես, փաստաթուղթը թույլ է տալիս մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի խոշոր գնորդներ են։
«Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Օ. Գրեհեմի օրենք» անվանումով օրենքը ստորագրվել է սեպտեմբերի 18-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից այն հավանության արժանանալուց երկու օր անց։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 262 կոնգրեսական, դեմ՝ 159-ը։
Օրենքը նախատեսում է նոր պատժամիջոցներ ռուսաստանցի քաղաքական և ռազմական պաշտոնյաների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների և ցանցերի դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին մատակարարել իր ռազմական արդյունաբերությանը կամ շրջանցել գործող սահմանափակումները։
Առանձին ուշադրություն է դարձվել այսպես կոչված «ստվերային նավատորմին»՝ տանկերներին, որոնք օգտագործվում են ռուսական նավթը պատժամիջոցները շրջանցելով փոխադրելու համար։
Փաստաթղթի առավել նշանակալի դրույթներից մեկը դարձան ԱՄՆ նախագահի լրացուցիչ լիազորությունները ռուսական էներգակիրներ գնող երկրների նկատմամբ։ Թրամփը կկարողանա նրանց դեմ մաքսատուրքեր սահմանել մինչև 100% չափով, ինչպես նաև որոշել, թե կոնկրետ որ պետություններն են ընկնելու սահմանափակումների տակ և ինչ չափով են գանձվելու մաքսատուրքերը։ Նման միջոցների հավանական թիրախների թվում նշվում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ ռուսական նավթի խոշորագույն գնորդներից։
Միևնույն ժամանակ օրենքը ԱՄՆ նախագահին լայն լիազորություններ է տալիս հրաժարվելու առանձին պատժամիջոցների կիրառումից կամ դրանցից ժամանակավորապես ազատելու որոշակի երկրներ։
Փաստաթուղթը ստացել է Կոնգրեսի երկու կուսակցությունների աջակցությունը, սակայն դեմոկրատների մի մասը դեմ է արտահայտվել դրա սակագնային դրույթներին։
Նրանք հայտարարել են, որ օրենքը Թրամփին չափազանց լայն լիազորություններ է տալիս նոր առևտրային սահմանափակումներ մտցնելու համար։






































