Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարին ընդառաջ կայացել է թեթև քաշային կարգում հայ մարտիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը:
Մարզիկները դեմ առ դեմ են դուրս եկել «Crypto.com» արենայում։ Ծառուկյանը ներկայացել է արևային ակնոցով: Մի քանի վայրկյան տևած լարված հայացքների դուելն անցել է հանգիստ և առանց միջադեպերի։
Հինգ ռաունդանոց այս դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան) կայանալիք մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձությունը, որի հաղթողն, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոնական տիտղոսի հաջորդ հավակնորդը:
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ MMA-ում UFC-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ համար Արման Ծառուկյանն ունի 23 հաղթանակ (15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն: Նա իր հաղթական շարքը հասցրել է 5-ի՝ նախորդ մենամարտի 2-րդ ռաունդում սաբմիշնով պարտության մատնելով Դեն Հուկերին։ 10-րդ համար Մաուրիսիո Ռուֆին իր ակտիվում ունի 14 հաղթանակ (13-ը՝ նոկաուտով) և 2 պարտություն: Բրազիլացին նախորդ մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մայքլ Չենդլերին:





































