ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Գործադիրի սեպտեմբերի 17-ի նիստում նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը, այդ թվում՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները, ներդնել գնահատման սկզբունքով վարձատրության կարգավորումների օրենսդրական հիմքեր, վերափոխել կատարողականի գնահատման և պետական ծառայողներին տրվող պարգևատրման գործող համակարգը, իրականացնել համակարգային նշանակության այլ փոփոխություններ»,- ասաց Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս բարեփոխումը չանել, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը:
«Այս վճարման համակարգը գործելու է ամբողջությամբ կատարողականի հիման վրա, այսինքն՝ արդյունքների հիման վրա է: Կա արդյունք՝ կա վարձատրություն, չկա արդյունք, ուրեմն վարձատրությունը ոչ միայն պակաս է, այլև դրանից հետագայում բխելու են նաև կոնկրետ հետևանքներ»,-նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց՝ մշտապես խոսվել է պետական համակարգում վարձատրության վերանայման մասին, ինչի նպատակով 2025 թվականին ներդրվել է վարձատրության պիլոտային համակարգը, իսկ առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կփոփոխվեն նաև մասնագիտական և միջին օղակի պաշտոններ զբաղեցնողների վարձատրությունները:
«Այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց միջին ամսական աշխատավարձը տատանվում է 250-350 հազար դրամ միջակայքում: Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այսինքն՝ լավ և ավելի լավ, ապա այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 400-500 հազար դրամ միջակայքում: Բաժնի պետերը կարող են այս կարգավորումների արդյունքում ստանալ մինչև 740 հազար դրամ, վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա եղած միջին 520-550 հազար դրամի դիմաց վարձատրվել մինչև 800-900 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում, այն նախատեսվում է ընդունման դեպքում գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից:






































