Արտաշատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համացանցում տարածված «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ տեղեկացնում են՝ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։
«Այս ընթացքում համապատասխան մասնագետներ և ծառայություններ կիրականացնեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։
Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։
Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ։






































