ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթը է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում:
Ելույթում ասվում է.
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է, ինչի մասին են խոսում տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներն ու նրանց կողմից հրապարակված զեկույցները:
Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այժմ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, սակայն մենք չպետք է սահմանափակվենք ձեռքբերված հաջողություններով ու պետք է անենք հնարավորը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում: Իհարկե, այս հարցում մեծ է նաեւ իրավապահ մարմինների դերն ու գործոնը, բայց, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, քաղաքացիներն այս կամ այն հարցում դժգոհություններ ունենան վերջիններիս գործողություններից, նրանք պետք է համոզված լինեն, որ հանձին ՄԻՊ-ի կա իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ու որ, ի վերջո, իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվելու են:
Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարգելի՛ աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս կարեւոր օրվա կապակցությամբ ու ցանկանում հաջողություններ ձեր պատասխանատու ու հանրության համար կարեւոր առաքելության մեջ: Շնորհակալություն»: