ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ է գրանցվում վերջին տարիներին քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով

Հանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ 2023-թվականից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա կապույտ հազի ցուցանիշների որոշակի ավելացում:

Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ 2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:

Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց:

«Պատվաստումների բարձր մակարդակի արդյունավետությունն առավել տեսանելի է կարմրուկի պարագայում։ Պայմանավորված պատվաստումների բարձր ցուցանիշով՝ Հայաստանը 2007 թվականից կարմրուկի առումով համարվում էր էլիմինացված երկիր: Այսինքն՝ Հայաստանում չէին գրանցվում կարմրուկի տեղական փոխանցման դեպքեր: Դիտվում էին բերովի դեպքեր, որոնք շատ մեծ տարածում չէին գտնում: Այնինչ այսօր այլ իրավիճակ է։ Վերջին 16 տարիների ընթացքում քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հետևանքով 2023 թվականի բերովի դեպքը տեղային բռնկման պատճառ հանդիսացավ, ստեղծվեց համաճարակային իրավիճակ, որը շարունակվում է 2024 թվականին»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը։

Քանի որ զբոսաշրջային սեզոնը մեկնարկել է, և շատերը նախընտրում են ճանապարհորդել, մասնագետը հորդորում է ուշադիր լինել, պատվաստվել, քանի որ, կարմրուկով պայմանավորված, մի շարք պետություններում համաճարակային իրավիճակը լարված է։ Մասնավորապես, ակտիվությունը դիտվում է Ղազախստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ռումինիայում և այլ երկրներում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30