ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ընդգծել է կազմակերպության անդամ երկրների միջև փոխգործակցության բարելավման կարևորությունն՝ այս համատեքստում ողջունելով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական այդ նախաձեռնությունն արժանի է ուշադիր քննության։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ-ի ավելի քան 30-ամյա գործունեությանը, կազմակերպության գրանցած հաջողություններին, անդամ պետությունների միջև համագործակցության կազմակերպմանը և արդյունավետությանը կազմակերպության շրջանակներում, ՀՀ կառավարության կողմից հրապարակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի:

-ՍԾՏՀ-ն գործում է ավելի քան 30 տարի. որքանո՞վ է կազմակերպությունը հաջողության հասել անդամ պետությունների փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում, հատկապես նրանց տնտեսական համագործակցության խթանման գործում:

-ՍԾՏՀ-ն Սևծովյան տարածաշրջանում ամենահին, ամենամեծ և միակ լիարժեք միջկառավարական կազմակերպությունն է, որը ծառայում է տասներեք անդամ պետությունների շահերին և ուղղված է նրանց միջև փոխգործակցության և ներդաշնակության ամրապնդմանը՝ նրանց երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման միջոցով: Այն զբաղվում է այնպիսի հիմնական թեմաներով, ինչպիսիք են առևտուրը և զարգացումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, միջազգային առևտուրը, գիտությունը և տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը և այլն՝ համագործակցության բազմազան հարթակ տրամադրելով անդամ պետություններին:

Այս համատեքստում ես կավելացնեի, որ այն փաստը, որ մի սեղանի շուրջ պարբերաբար հավաքվում և բազմակողմ նախագծերին միանում կամ համաձայնագրեր են կնքում երկրներ, որոնց մի մասը նույնիսկ լուրջ զգայունություն ունեն միմյանց հանդեպ, անդամ պետությունների միջև փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում ՍԾՏՀ-ի կարևոր դեր ունենալու համոզիչ ապացույցն է:

— Ինչպե՞ս է զարգանում ոլորտային համագործակցությունը ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում: Կա՞ն հաջողության մասին պատմություններ, որոնք կարող եք ներկայացնել ամբողջ Սևծովյան տարածաշրջանի բնակչությանը:

-Իր գոյության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում ՍԾՏՀ-ն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, կնքել մի քանի համաձայնագրեր և հուշագրեր իր անդամ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ սուբյեկտների կամ կազմակերպությունների հետ: Հիշատակման արժանի որոշ ձեռքբերումներ են ՍԾՏՀ Կանաչ էներգիայի ցանցի, ՍԾՏՀ-ի Կայուն սննդի համակարգերի համագործակցության տարածաշրջանային կենտրոնը, հանցավորության դեմ պայքարի կապի գրասենյակի աշխատակիցների ցանցը, արտակարգ օգնության կապի գրասենյակի աշխատակիցների ցանցը, ՍԾՏՀ կլիմայի փոփոխության վերաբերյալ Սև ծովի հարմարվողականության ռազմավարության ընդունումը, փոխըմբռնման հուշագրեր կրթության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերին ՍԾՏՀ-ը հաստատեց առաջիկա տարիների իր նոր ‹‹ճանապարհային քարտեզը››, այն է՝ նորացված ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին››։ Այս ծրագրի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով.

— Անցյալ տարվա դեկտեմբերին Դուք Երևանում մասնակցում էիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարների հանդիպմանը։ Ինչպես գիտեք, միջազգային հանրությունը Կիգալիում կհավաքվի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ՄԱԿ-ի երրորդ համաժողովին: Դեպի ծով ելք չունեցող մի քանի երկրներ նույնպես ՍԾՏՀ անդամ են, և կազմակերպությունը փաստացի ակտիվ համագործակցում է ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների հետ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում: Այս առումով, ի՞նչ դեր կարող է ունենալ այս Կազմակերպությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքները հասցեագրելու գործում, հատկապես՝ նպաստելու ավելի լավ, ավելի ընդգրկուն, արդար և ոչ խտրական տարածաշրջանային կապերի ստեղծմանը:

-Որպես կազմակերպություն, որին անդամակցում են դեպի ծով ելք չունեցող երկրները, ՍԾՏՀ-ն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ, մասնավորապես, տրանսպորտի և կապի ոլորտում՝ հստակ որոշումների առաջմղման նպատակով:

ՍԾՏՀ կազմակերպությունը բարձր է գնահատում միջազգային հանրության ջանքերը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների որոշ առավել հրատապ խնդիրների հասցեագրման ուղղությամբ: Կարևորելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործումը՝ մենք ակտիվորեն մասնակցել ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված կարևոր միջազգային խորհրդակցություններին, ինչպիսիք են Ժնևում կայացած ՄԱԿ-ի ԵՏՀ ներքին տրանսպորտի կոմիտեն և Ուզբեկստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի (AIRCUZ) և ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) կողմից Տաշքենդում կազմակերպված ‹‹Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտ. կայունության և բարգավաճման բարձրացում›› համաժողովը: Վերջին, բայց ոչ պակաս կարևորը՝ մասնակցել ենք նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարների հանդիպմանը:

— Գիտակցելով խաղաղության և կայունության ապահովման համար տարածաշրջանային և անդրսահմանային փոխգործակցության կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս՝ Հայաստանի կառավարությունը մշակել և հայտարարել է իր ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնության մասին, որի նպատակն է զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ ինքնիշխանության և ազգային իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա՝ այդպիսով կապելով Ծոցը, Սև ծովը և Կասպից ծովը՝ հսկայական առևտրային օգուտներ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ինչպե՞ս կգնահատեք այս հավակնոտ նախագիծը:

-ՍԾՏՀ-ի համար ակնհայտ է, որ որպես տարածաշրջանի տարբեր մարտահրավերներին դիմակայելու ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային և քաղաքական միջոց՝ համագործակցությունն իրական այլընտրանք չունի։ Մինչ այժմ փորձը հստակ ցույց է տվել, որ ամուր տնտեսական հարաբերություններն ու համագործակցությունը՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ, շահավետ է եղել ոչ միայն տնտեսական զարգացման տեսանկյունից, այլև նպաստել է կայունության, փոխըմբռնման և բարիդրացիական հարաբերությունների, այսինքն՝ անվտանգության խթանմանը։ Սրանք այն սկզբունքներն էին, որոնք դրված էին ՍԾՏՀ-ի հիմքում: Ավելին, «ավելի լավ կապն» իր լայն իմաստով ՍԾՏՀ-ի առաջնահերթություններից է: Տնտեսական համագործակցությանը, որը հանդիսանում է այս կազմակերպության գոյության հիմքը, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով իրականում հնարավոր չէ հասնել առանց անդամ պետությունների միջև արդյունավետ կապ հաստատելու: Ինքնին պետք է ողջունվի ցանկացած նախաձեռնություն, որը համահունչ է վերոնշյալներին՝ համապատասխանաբար անդամ պետությունների ընդհանուր շահերին: Այդպես է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության դեպքում, որն արժանի է ուշադիր քննության։ ՍԾՏՀ հայաստանյան առաջիկա նախագահությունն այս առումով կարող է լավ հնարավորություն ընձեռել:

— Հայաստանը մի քանի ամսից կստանձնի ՍԾՏՀ-ի նախագահությունը․ ի՞նչ ակնկալիքներ ունեք Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունից:

-Թույլ տվեք նախ արտահայտել իմ բարձր գնահատականը Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ, որն ի սկզբանե եղել է ՍԾՏՀ-ի առավել ակտիվ անդամ պետություններից մեկը: Երախտագիտությունս եմ նաև հայտնում մեր կազմակերպությունում Հայաստանի մշտական առաքելության համար։

Վստահ եմ, որ ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահությունը կլինի արդյունավետ և հաջող ու նոր դինամիկա և արդյունավետություն կհաղորդի կազմակերպության գործունեության և կնպաստի դրա՝ արդյունքի միտված ծրագրի առաջմղմանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031