ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:
Մասնավորապես պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, որը, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ վերը նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2 մլն 238 հազար 745 ՀՀ դրամ գումար:
ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2 մլն 238 հազար 745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։





































