Ապօրինի կերպով ԱՄՆ մուտք գործած Ադրբեջանի քաղաքացին խոշորածավալ խարդախության սխեմա է կազմակերպել, որի հետևանքով Medicare բժշկական ապահովագրության դաշնային ծրագրին 90 միլիոն դոլարի վնաս է պատճառվել։ Կասկածյալի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում, և, առկա տվյալների համաձայն, նա թաքնվում է արդարադատությունից։ Այս մասին գրում է New York Post-ը։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Անար Ռուստամովը հիմնել է երկարատև օգտագործման բժշկական սարքավորումների (DME) վաճառքով զբաղվող կեղծ ընկերություն՝ Dublin Helping Hands-ը, որը գրանցված է Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանում։ Հենց այդ ընկերության միջոցով են Medicare-ին ներկայացվել այնպիսի ապրանքների կեղծ հաշիվներ, որոնք երբևէ չեն մատակարարվել պացիենտներին։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ հաշիվներում նշված պացիենտները տեղյակ չեն եղել իրենց անունից ներկայացված հայտերի մասին։ Ուղեգրերը տված բուժաշխատողները նույնպես իրենց համաձայնությունը չեն տվել այդ գործողություններին։ Փաստաթղթերում նշվել է ամենատարբեր տեսակի արտադրանքներ՝ գոտկատեղի բանդաժներից մինչև գլյուկոմետրեր։
Խարդախության գործողությունները սկսվել են 2024 թվականի հոկտեմբերին։ Ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2025 թվականի ապրիլին, երբ ներկայացված հայտերի ծավալը մեկ ամսում գերազանցել է 49 միլիոն դոլարը։ Քննիչներն ընդգծում են, որ նման դինամիկան կանխամտածված է եղել. «Հաշիվների ներկայացման ծավալն ու ժամկետները միտումնավոր այնպես են հաշվարկվել, որպեսզի առավելագույն վճարումներ ստացվեն մինչև խարդախության բացահայտման պահը»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։
Ռուստամովը գտնվում է դաշնային հետախուզման մեջ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նա թաքնվում է իշխանություններից։ Հատուկ գործակալ Ռոբ Ռ. Բրիդոնը հայտարարել է, որ գերատեսչությունը մտադիր է «հետապնդել բոլոր նրանց, ովքեր փորձում են շահադիտական նպատակներով օգտագործել առողջապահության դաշնային ծրագրերը՝ անկախ այն բանից, թե որտեղ կփորձեն թաքնվել»։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Անար Ռուստամովին սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում, ինչպես նաև 250,000 դոլարի տուգանք՝ հանցավոր գործունեության յուրաքանչյուր դրվագի համար։





































