TRIPP-ի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում:
«Մեր վիճակագրությունն ասում է, օրինակ, որ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով»,-ասել է վարչապետը և հավելել, որ դրամաշրջանառությունը 171%-ով է աճել, այսինքն՝ ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե քառապատկվել է, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից հետո։
Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա, վարչապետի խոսքով, էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը՝ Սթարլինքի ծառայությունները, ինչն, իր հերթին, նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է երկու օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, որն առաջինն է ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության միջոցներով:
Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում՝ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:
Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:
Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման:
«Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031