ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փակ դռների հետևում անցկացված ճեպազրույցից հետո կտրուկ հայտարարություն է արել։
«Ես հենց նոր դուրս եկա Իրանի վերաբերյալ փակ դռների հետևում անցկացված ճեպազրույցից, և ահա թե ինչ կարող եմ ձեզ ասել. Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարծում էիք։ Դուք բոլոր հիմքերն ունեք անհանգստանալու։ Դոնալդ Թրամփի վարչակազմնը Իրանի վերաբերյալ որևէ ծրագիր չունի։ Այս անօրինական պատերազմը հիմնված է ստի վրա և սկսվել է առանց մեր երկրի համար որևէ անմիջական սպառնալիքի»,- հայտարարել է Ուորենը։
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը դեռևս հստակ պատճառ չի ներկայացրել պատերազմը սկսելու հիմնավորման համար և, ամենայն հավանականությամբ, այն ավարտելու ռազմավարություն չունի։ «Շատերի պես, ես իսկապես զայրացած եմ։ Ես զայրացած եմ Դոնալդ Թրամփի արածից։ Ես կշարունակեմ անել ամեն ինչ ուժերիս ներածին չափով՝ պայքարելու համար, որ այս պատերազմն ավարտվի»,- ընդգծել է սենատորը։
Դեմոկրատ սենատոր Էդ Մարկին իր հերթին կտրուկ քննադատել է Սպիտակ տան գործողությունները։ «Ես հենց նոր դուրս եկա Իրանի վերաբերյալ գաղտնի ճեպազրույցից, և դա հաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Դոնալդ Թրամփն անօրինական պատերազմ է մղում և այն դադարեցնելու ծրագիր չունի»,- հայտարարել է նա։
Մարկին նշել է, որ նախագահը հրապարակավ հայտարարել է, թե Իրանին հարվածելու որոշումը հիմնված է եղել «կանխազգացման» վրա։ «Այսօր նա ասաց, որ մենք հարձակվել ենք Իրանի վրա, քանի որ ինքը կանխազգացում ուներ։ Սակայն մենք գիտենք ճշմարտությունը։ Թրամփը ստում է Իրանի միջուկային կարողությունների մասին։ Նա ստում է Իրանի հրթիռային կարողությունների մասին և Միացյալ Նահանգներին ներքաշում է Մերձավոր Արևելքում հերթական անվերջանալի պատերազմի մեջ»,- ընդգծել է սենատորը։
Նա միաժամանակ հայտարարել է, որ նախագահի գործողությունները վերահսկողությունից դուրս են գալիս և արդեն հանգեցրել են մարդկային զոհերի: «Թրամփը լիովին վերահսկողությունից դուրս է եկել, և նրա ստերի պատճառով արդեն ամերիկացիներ են մահացել», նշել է սենատորը։






































