ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում որոշում ընդունեց, որով առաջարկվում է փոփոխել էլեկտրամոբիլների հաշվառման գործող կանոնակարգը։
Հարցը ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ով նշեց. «Պիտի փաստեմ, որ նախագծի փոփոխության առաջարկը եկել է մեր քաղաքացիներից: Անցյալ տարվա կտրվածքով մի շարք դիմումներ ենք ստացել, որոնցով դիտարկել ենք այն հարցը, որ հաշվառման կարգը փոփոխենք, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն կարողանանք երաշխավորել մեր քաղաքացիների համար»,- նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա ասաց, որ այս պահի դրությամբ էլեկտրամոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող 2 ցուցանիշ ունենք։ «Խոսքը առավելագույն կամ պիկային հզորությանն է վերաբերում, երկրորդը կայուն հզորությանն է վերաբերում։ Համաշխարհային մակարդակում նախապատվությունը տրվում է կայուն հզորությանը, որը թույլ է տալիս ուղղակի երկար ժամանակ մեքենան վարել՝ չվնասելով մարտկոցը։ Դա հիմնական ընդունելի չափանիշն է, պիկային հզորությունը շատ կարճատև ժամանակահատվածում արագացմանը նպաստող առավելագույն հզորությունն է, որն ավելի շատ մարքեթինգային տրամաբանության մեջ միշտ, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է ստացվում:
Մեր ներպետական կարգավորումներում մենք, որպես ընդհանուր սկզբունք, վերցրել ենք պիկային հզորության չափիչը, իսկ ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգն այնպիսին է, որ ԵԱՏՄ ռեեստրում գրանցվում են միայն անհատապես այն էլեկտրամոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, և այդտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։
Առաջարկում ենք, որ մեր ընդհանուր կանոնակարգում հետևյալ կերպ շարժիչի հզորությունները նշենք. եթե ռեեստրում տրանսպորտային միջոցն ունի էլեկտրոնային անձնագիր, որտեղ որ կայուն հզորության ցուցիչը կա, այս շարժիչի հզորությունն է հիմք վերցվելու գույքահարկի հաշվարկման տեսանկյունից։
Եթե չկա այդպիսի բան, որովհետև տվյալ էլեկտրամոբիլի համար անհատական է լրացումը, այս էլեկտրոնային անձնագիրը չենք կարող միատեսակ դարձնել բոլոր էլեկտրամոբիլների սեփականատերերի համար:
Մենք նախատեսել ենք հետևյալ գործակցային տրամաբանությունը և պրոգրեսիվության կանոնն ենք կիրառել. մինչև 250 ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում՝ էլեկտրամոբիլների դեպքում հաշվարկել ենք առավելագույն պիկային հզորությունը՝ բաժանած 1.5 գործակցի, իսկ եթե 250-ից ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների մասին ենք խոսում, 250-ի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակիցը, իսկ դրանից արդեն մնացյալ մասով կիրառում ենք 2.5 գործակիցը։
Որպեսզի մեր քաղաքացիների համար ավելի պարզ լինի, ես իրական կյանքից վերցրած օրինակներով նկարագրեմ. օրինակ՝ եթե ունենք 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլ, ներկա դրությամբ եթե այն 2025 թվականի արտադրության է, գույքահարկը հաշվարկվում է 666 հազար դրամ պիկային հզորության տրամաբանությամբ, բայց մեր գործակցային տրամաբանությամբ քաղաքացին կվճարի 276 հազար դրամ:
Մեկ այլ օրինակ. եթե խոսում ենք մինչև 250 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի մասին, պայմանականորեն վերցնենք 218 պիկային հզորությամբ էլեկտրամոբիլը. այս ձևով 2025 թվականի արտադրության էլեկտրամոբիլի դեպքում այս պահի դրությամբ վճարվում է 133 400 դրամ գույքահարկ, բայց նոր հաշվարկային գործակցի պայմաններում քաղաքացիները կվճարեն 43500 դրամ»,–ասաց նախարարը։
Նա նկատեց, որ այս կանոնակարգումները կվերաբերեն շուրջ 20 հազար ֆիզիկական անձանց և 4000 իրավաբանական անձանց. «Սա՝ ընդհանրական հաշվարկով, և անցումային որոշակի կանոնակարգումներ ունենք, որպեսզի պատկերը պարզ լինի քաղաքացիների համար։
Կարգավորումը տարածվելու է նաև գործող էլեկտրամոբիլներ ունեցող մեր քաղաքացիների նկատմամբ, բայց որևէ հետհաշվարկ չենք իրականացնելու։ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվարկը կիրականացվի, և մինչև տարեվերջ մեր հարգելի քաղաքացիներն ունեն ժամանակ՝ արդեն այս նոր ձևաչափով կատարելու վճարում։ Իսկ եթե այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո է անձը ձեռք բերում էլեկտրամոբիլ, ապա դրան հաջորդող ամսի 1-ից արդեն հաշվարկը կիրականացվի։
Կարգավարումը նախատեսել ենք, որ ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից: Ինչո՞ւ ենք նախատեսել ապրիլի 1-ը. որովհետև չենք ուզում մեր քաղաքացիներին ծանրաբեռնել լրացուցիչ դիմումներով, մենք մեր թվային հարթակը այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ կերպով ցուցանիշային փոփոխություններ կունենանք, և քաղաքացին, ուղղակի մտնելով roadpolice հարթակ, իր անձնական էջ, կկարողանա տեսնել նոր հաշվարկման ձևաչափը:
Փաստեմ նաև, որ կարգավորումները նախատեսել ենք ուժի մեջ թողնել մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի դրանից հետո արդեն հասկանանք՝ թողնո՞ւմ ենք նույն ռեժիմը, թե՞ արդեն լավարկման որոշակի քայլեր ենք ձեռնարկում: Կարծում ենք, որ սա նաև կնպաստի հանրապետությունում էլեկտրամոբիլների շրջանառությանը»,- նշեց ՆԳ նախարարը։






































