Աշխատանքային քրոնիկական սթրեսի պատճառով նյարդային համակարգը հաճախ արձագանքում է «հանգստյան օրերի մրսածությամբ», երբ մարդը թուլանում է: Նաև մեծանում է գրիպի և ՍՇՎ-ի (սուր շնչառական վիրուսային վարակներ) ռիսկը՝ ոչ աշխատանքային ժամերին սոցիալական ակտիվության բնական աճի պատճառով: Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապևտ Սայմոն Ֆելդհաուսը:
«Շատ մարդիկ նախատոնական շրջանում աշխատում են վերջնաժամկետների ճնշման տակ, իսկ տոների սկզբին արթնանում են ջերմությամբ, մարմնի ցավով կամ հյուծող հազով, ինչի արդյունքում էլ հաճախ ավերվում են հանգստի պլանները», — նշում է փորձագետը:
Ըստ բժշկի՝ աշխատանքի ավարտից հետո ինքնազգացողության վատթարացումը համընդհանուր ճանաչում գտած երևույթ է, որը երբեմն անվանում են «հանգստյան օրերի հիվանդություն»: Դրա գլխավոր «մեղավորը» քրոնիկական սթրեսն է, որի ախտանիշները երկար ժամանակ ճնշվում են:
«Կա նաև մեկ այլ պարզ կենսաբանական բացատրություն. տոները հաճախ ուղեկցվում են ճամփորդություններով, քնի ռեժիմի խախտմամբ, սննդակարգի փոփոխությամբ, ալկոհոլի օգտագործմամբ և սոցիալական շփումների քանակի ավելացմամբ. այս ամենը իդեալական պայմաններ է ստեղծում վարակվելու համար, եթե իմունային համակարգն արդեն իսկ թուլացած է», — զգուշացնում է թերապևտը:
Բժիշկը հիշեցրել է, որ նախատոնական շրջանում գրիպի և ՍՇՎ-ի ռիսկը նվազեցնելուն կարող է օգնել իմունային համակարգի նախօրոք ամրապնդումը: Տոների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ Ֆելդհաուսը խորհուրդ է տալիս անցնել ճիշտ սննդակարգի. սննդակարգում անհրաժեշտ է ներառել ավելի շատ բանջարեղեն, մրգեր և սպիտակուցներ:
«Օգտակար հավելումների թվում են վիտամին D-ն, վիտամին C-ն, ցինկը, օմեգա-3 ճարպաթթուները և սելենը: Սակայն փորձագետները զգուշացնում են ցինկի երկարատև ընդունման համար, քանի որ այն կարող է ստամոքսի խանգարում առաջացնել և խաթարել հանքանյութերի ներծծումը», — հավելել է թերապևտը:






































