ՉԼ․ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ատլետիկոն» ու ՊՍԺ-ն

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակչի «Ատլետիկո» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը: Թեև կատալոնական թիմը դրամատիկ խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկան մադրիդցիները:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում «Ատլետիկոն» առավելության էր հասել 2:0 հաշվով։

Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում: Արդեն 4-րդ րոպեին Լամին Յամալը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «կապտանռնագույններին»: 24-րդ րոպեին Ֆերան Տոռեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը: Սակայն 31-րդ րոպեին Ադեմոլա Լուքմանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով «Ատլետիկոյի» համար կիսաեզրափակչի ուղեգիր ապահովող և վճռորոշ դարձած գոլը:

Հանդիպման երկրորդ կեսում՝ 55-րդ րոպեին, Ֆերան Տոռեսը երրորդ գնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը, սակայն ֆրանսիացի գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց այն: Խաղավարտին մոտ՝ 80-րդ րոպեին, «Բարսելոնան» մնաց տասը հոգով. կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան:

Նշենք, որ նախորդ փուլում «Բարսելոնան» վստահորեն պայքարից դուրս էր թողել անգլիական «Նյուքասլին» (ընդհանուր՝ 8:3 հաշվով), իսկ «Ատլետիկոն» հաղթահարել էր Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը (7:5)։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն արտագնա խաղում առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած դիմակայությունն ավարտվեց փարիզյան ակումբի՝ 2:0 հաշվով հաղթանակով:

Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց և դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը հանդիպման հաշիվը բացեց 72-րդ րոպեին, իսկ խաղավերջում կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։

Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր արդյունքով ՊՍԺ-ն հաղթանակ տարավ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Այս փուլում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի Մադրիդի «Ռեալ» — Մյունխենի «Բավարիա» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930