Քաղցկեղի մասին խոսելիս շատերը կարծում են, թե հիվանդությունը գալիս է անսպասելի։ Բայց իրականում այն հաճախ կապված է մեր ամենօրյա սովորությունների և կենսակերպի հետ։
Այս հարցազրույցում բժիշկ-ուռուցքաբան Մարիամ Սարգսյանը բացատրում է, թե որ գործոններն են ամենաշատը նպաստում հիվանդության առաջացմանը և ինչ քայլեր կարող ենք անել այսօր՝ առողջ ու երկար կյանք ունենալու համար։
Ձեր փորձից ելնելով՝ ո՞րոնք են այն հիմնական ռիսկի գործոնները, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը։
Հիմնական ռիսկի գործոնները, ինչպես մենք՝ ուռուցքաբաններս նշում ենք, առաջին հերթին վնասակար սովորություններն են՝ ալկոհոլի չարաշահումը և ծխելը։ Դրանք համարվում են բազմաթիվ չարորակ ուռուցքների առաջացման ամենից հաճախ ապացուցված պատճառները։ Սակայն միայն դրանով չի սահմանափակվում։ Կարևոր դեր ունեն նաև կենսակերպն ու ապրելակերպը․ ոչ ռացիոնալ, անհավասարակշռված և անկանոն սնունդը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության պակասը։
Բացի դրանից, մեծ նշանակություն ունեն նաև արտաքին միջավայրի գործոնները, օրինակ՝ արևի ուղիղ ճառագայթներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որոնք նույնպես բարձրացնում են որոշ ուռուցքների առաջացման ռիսկը։
Այս ամենից հետևում է, որ հնարավորինս պետք է խուսափել վնասակար գործոններից։ Ամենօրյա պրակտիկայում հատկապես հաճախ հանդիպում են վնասակար սովորություններ, որոնք զգալիորեն նպաստում են քաղցկեղի զարգացմանը։
Այդ ռիսկի գործոններից մեկին՝ ծխելուն, որքանո՞վ է անհրաժեշտ ուշադրություն դարձնել և ի՞նչ նոր մոտեցումներ կան դրա վնասակար հետևանքները նվազեցնելու համար։
Ծխելը քաղցկեղի առաջացման գլխավոր գործոններից մեկն է։ Այն նաև հանդիսանում է մի շարք այլ հիվանդությունների ռիսկի գործոն, ինչպիսիք են, օրինակ, սիրտ-անոթային կամ թոքերի հիվանդությունները։
Ծխելու դադարեցումը կարևոր քայլ է ոչ միայն քաղցկեղի կանխարգելման, այլև ընդհանուր առողջության պահպանման գործում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում չսկսել ծխել, իսկ եթե ծխում եք, թողնել այս վնասակար սովորությունը։
Վերջին ժամանակներում շատերի կողմից հայտնի էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը նույնպես վտանգավոր են, սակայն դրանք ավելի քիչ քաղցկեղածին նյութեր են պարունակում քան սովորական սիգարետը, քանի որ դրանք աշխատում են ոչ թե այրման այլ տաքացման միջոցով։ Տաքացումն իրականացվում է 350-400 աստիճանում, մինչդեռ ծխախոտի դեպքում՝ 700-800 աստիճանում, որի ժամանակ շատ ավելի մեծ քաղցկեղածին նյութեր են արտադրվում։
Ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց՝ քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման համար։
Հնարավորինս զերծ մնալ վնասակար սովորություններից կամ փոխարինել դրանք ավելի քիչ ռիսկային սովորություններով։
Սնվել հավասարակշռված և առողջարար սննդակարգով, պահպանել սննդի ռեժիմը։
Հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթումից, հատկապես ամենաակտիվ ժամերին։
Մասնակցել սկրինինգային ծրագրերին՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
Ամենակարևորը՝ չվախենալ դիմել բժշկի նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ գանգատ չունենք։ Քաղցկեղի վաղ հայտնաբերումն էականորեն մեծացնում է բուժման արդյունավետությունը։ Եթե խնդիրը բացահայտվում է վաղ փուլում, այն շատ ավելի հեշտ է բուժվում, իսկ պացիենտը լիարժեք վերադառնում է առողջ կյանքի և դառնում առողջ հասարակության մի մասը։