ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, արձանագրվել է, որ արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել։ Բացի այդ, պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Արձանագրվել է նաև, որ բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ: