«Հանրային հաղորդակցություն ինչո՞ւ տեղի չի ունենում: Ես տասնյակ առիթներով, նույնիսկ ուղիղ եթերով շփվում եմ մարդկանց հետ, ո՞վ է զրկված ուղիղ եթերից: Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մտնել ուղիղ եթեր, թող մտնի ուղիղ եթեր, ասի՝ ի՞նչ է ասում»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Որ մի հատ էլ ուժեղի և թույլի հարց են բարձրացնում, մի հատ հասկանանք՝ իրենք ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե իրենք կարողանան 30 անգամ ձգվել, այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն: Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, անկեղծ ձեզ ասեմ, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշել։ Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ: Կարո՞ղ են ձգվել, թող ձգվեն, ուրիշ ինչի՞ց են ուժեղ:
Ինտելեկտի՞ց են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը, ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։
Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով: Եթե դա որևէ մեկն ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, որոնք աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Իրենք թույլ են, որպես բիզնեսմեն իրենք թույլիկ են ուղղակի: Հիմա հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, և իրենք հայտնվելու են ու շարունակաբար հայտնվում են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում արժանի են»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով՝ այդ մարդկանց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, այլ օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինը, իսկ նրանք պարզապես կառավարիչներ են:
«Դուք հիշում եք հանրահայտ Պրիգոժինի կադրը Ռուսաստանի նախագահին ուտելիք մատուցելիս։ Այդ մարդիկ նույնիսկ առաջին դեմքերին չեն ուտելիք մատուցող, այդ մարդիկ երրորդ, չորրորդական կարգի դեմքերին ուտելիք մատուցողներ են և հիմա եկել են Հայաստանում ուզում են ներկայանալ որպես ուժեղ:
Ինչի՞ց են ուժեղ, ինչի՞ց, կարդացած են, ինտելեկտուալ են: Թող ձգվեն 30 անգամ, ես կխոստովանեմ, որ իրենք ուժեղ են, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, կամ թող 100 կմ հեծանիվ քշեն, կխոստովանեմ, որ ուժեղ են»,- նկատել է Կառավարության ղեկավարը:






































