ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ–ից։
Նշենք, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելությունն այս շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ՝ հետևելու Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Հանդիպման սկզբում անդրադարձ է եղել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում հողերի օտարման ու տարաբնակեցման, ինչպես նաև բնապահպանական թեմաներին։ Նշվել է, որ շինարարության ընթացքում հիմնականում պահպանվում են բնապահպանական և անվտանգության նորմերը։ Իսկ նախագծային որոշ շտկումներ, որ կատարվում են շինարարության ժամանակ, հիմնականում չեն առնչվում հողերի օտարման հարցերին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացին։ Նշվել է, որ շինհրապարակում այժմ աշխատում է ավելի քան 400 մարդ։ Բոլոր տեղամասերում կատարվում են ակտիվ աշխատանքներ։ Ըստ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների՝ հողային աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով, գոհացուցիչ են նաև թունելի կառուցման տեմպերը, այն ավարտական փուլում է։ Աշխատանքներ են տարվում նաև երկրորդ թունելի հորատումը սկսելու ուղղությամբ։ 11 կամուրջների վրա տարվում են տարբեր բնույթի աշխատանքներ, կառուցվում են 5 փոխհատումները, դրանցից մեկն արդեն գրեթե պատրաստ է։ Անդրադարձ է եղել երկաթբետոնե հեծանների արտադրման հարցին։ Ընդգծվել է, որ հեծանների պատրաստումը ժամանակատար աշխատանք է, և ամեն ինչ պետք է արվի դրանք ըստ գրաֆիկի ու շիննորմերով կատարելու համար։
Արծարծվել է նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը, որն այժմ մրցութային գործընթացում է։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր։