Էկոպարեկային ծառայությունը տեխնիկական հագեցվածության առումով տիրապետում է հակահրդեհային գույքի մեծամասնությանը, որի մեջ ներառված են՝ կրակմարիչներ, կրակթակիչներ, 500լ տարողունակությամբ մեքենաններ, ռետինե խողովակներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը։
«Հանրային իրազեկման աշխատանքներին մասնակցում է Էկոպարեկային ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանը իրազեկելով պաշտոնական կայքերի, անտառամերձ տարածքներում զգուշացնող ցուցանակներ փակցնելու միջոցով»,- ասաց նա։
Խոսելով առաջիկա նորությունների մասին Կարապետյանն ասաց, որ Էկոպարեկային ծառայության նախագծման փուլում է գտնվում անտառային տարածքներում հրդեհների վաղ հայտնաբերմանն և կանխալգերմանն ուղղված աշխատանքները։ Համակարգը բաղկացած է լինելու տեսանկարահանման սարքերից, որոնք հնարավորություն կունենան 20 կմ հեռավորության վրա հայտնաբերել ծխի օջախները։
«Ընդունված է համարել, որ անտառային հրդեհների արդյունքում հասցված վնասներն ավելի դժվար են վերականգնվում, քան ապօրինի ծառահատման պատճառով առաջացած վնասները։
Հակահրդեհային կանոնների չպահպանելը, կրակի հետ անփույթ վարվելը, անտառային հատվածները հրկիզելը, ծխախոտի մնացորդները թողնելը կամ կրակը հողով չծածկելը կարող են առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն՝ 200,000 դրամի չափով»,–ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնել էին, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։