Համեմատած նախորդ տարվա՝ այս տարի խոտածածկ և անտառածածկ տարածքներում գրանցվել է հրդեհների աճ. Բագրատ Վարդազարյան

Համեմատած նախորդ տարվա՝ այս տարի խոտածածկ և անտառածածկ տարածքներում գրանցվել են հրդեհների աճ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փ\ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

«Օրինակ Արարատի մարզում գրանցվել է 386 հրդեհ, իսկ անցած տարի ՝ 192, Տավուշի մարզում 281 հրդեհ, 2024թ․-ին ՝ 72։

Ինչ վերաբերում է անտառային հողերում առաջացած հրդեհներին, այս դեպքում նույնպես գրանցվել է աճ․ անցած տարի հրդեհների թիվը 5-ն էր, իսկ այս տարի՝ 20։ Ընդհանուր 2096 հրդեհ բուսածածկ և խոտածածկ տարածքում ՝ այս տարի, 787 հրդեհ ՝ անցած տարի․ կա նկատելի աճ՝ 2,7 անգամ։

Ըստ համաշխարհային վիճակագրության ՝ բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհների գրեթե 95%-ը պայմանավորված է մարդկային գործոնով, միայն 5 տոկոսը՝ բնական գործոններով (կայծակ, ամպրոպ, շոգ եղանակ և այլն)։

Հիդրոմետ ծառայությունը ամսի 30-ին փոխանցեց տեղեկատվություն, որ Արարատի մարզում լինելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Անցած տարվանից ներդրված է մոբայլ համակարգ, երբ հասցեական կարողանում ենք ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին, մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուղարկել հաղորդագրություն բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին, ըստ այդմ նրանք արդեն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ․ դա վերաբերում է և՛ քամուն, և՛ անձրևներին, և՛ հրդեհներին.,–ասաց նա։

Վարդազարյանի խոսքով, իրավիճակի մասին բնակիչներին իրազեկում են մարզային ղեկավարները. «Մեր մասով մենք նույնպես իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումներ․ իրականացնում ենք շրջայցեր խոտածածկ տարածքներ, փակցնում համապատասխան թերթիկներ, որպեսզի մարդիկ նշված հատվածներում չվառեն կրակ, դրա համար չնախատեսված հատվածներում բարձրախոսով իրազեկումներ ենք իրականացնում։ Հուլիս ամսից արդեն սկսել ենք միջոցառումները, անկախ հիդրոմետի փոխանցած տեղեկություններից, հանգստյան օրերին, երբ մարդկանց հոսքը հանգստյան գոտիներ շատանում է, մենք իրականացնում ենք միջոցառումներ»։

Վարդազարյանը նկատեց, որ արդեն հանգստի շրջան է, և մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել քաղաքից դուրս. «Քաղաքացիներին հորդորում ենք խարույկ վառել միայն խարույկի համար նախատեսված հատվածներում, տարածքը լքելիս համոզվել, որ խարույկը մարել են, տվյալ հատվածում չթողնել աղբ։ Կարևոր է նշել նաև, որ քամիները կրակի տարածման հիմնական գործոններն են»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031