Հարավային Կովկասում հիմնական չլուծված խնդիրը մնում է տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը, որոնք, տեսականորեն, պետք է կապեն Ասիան Եվրոպայի հետ: Վրաստանից բացի, այս երթուղիներից մի քանիսը կարող են անցնել նաև Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, իսկ այնուհետև՝ Կենտրոնական Ասիայի հետ, որի նկատմամբ Անկարան առանձնահատուկ հետաքրքրություն ունի: Այս մասին գրում է Քարնեգի հիմնադրամը։
Երևանը ձգտում է գոնե մասամբ դուրս գալ մեկուսացումից՝ նախ և առաջ սահմանների բացման միջոցով։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանն առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ առաջարկելով վերականգնել և օգտագործել բոլոր այն տրանսպորտային երթուղիները, որոնք պատմականորեն անցել են Հայաստանի տարածքով։
Բաքուն պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Բաքվի նախաձեռնությամբ այս նախագիծը ներառվել է երկրորդ ղարաբաղյան պատերազմն ավարտելու եռակողմ հռչակագրում: Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարումը: Սակայն Երևանն այժմ դեմ է այս սխեմային՝ պնդելով, որ ինքը կվերահսկի ամեն ինչ՝ սկսած մաքսային տուրքերից և անձնագրային ստուգումից մինչև անվտանգության հարցեր:
Բաքուն պատասխանում է, որ պատրաստ չէ ներդրումներ կատարել այնպիսի տրանսպորտային նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ լինել, օրինակ, եթե Հայաստանում փոխվի կառավարությունը։ Հետևաբար, Ադրբեջանը պահանջում է ներգրավել արտաքին երաշխավոր, որը պատասխանատու կլինի երթուղու կայուն գործունեության համար։ Այս դիրքորոշումը, ըստ երևույթին, կիսում է նաև Թուրքիան, չնայած Երևանը դեռևս հույս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ լիակատար վերահսկողության Հայաստանի իրավունքը։
Տարիներ տևած բանակցությունների ընթացքում կողմերը առավելագույնս մոտեցել են փոխզիջման եվրոպացի միջնորդների ջանքերի շնորհիվ։ Մի քանի տարի առաջ ԵՄ-ն առաջարկեց տարբերակ՝ հիմնվելով 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի կողմից ստեղծված նախադեպի վրա՝ տրանսպորտային ուղիների կառավարումը հանձնել անկախ օտարերկրյա ընկերությանը։ Այդ ժամանակ քննարկումը վերաբերում էր Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումներին, որտեղ վերահսկողությունը պետք է իրականացներ շվեյցարական օպերատորը, որը պարտավոր էր պարբերաբար տվյալներ փոխանակել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Թեև իրավիճակներում զգալի տարբերություններ կային, այդ մեխանիզմը առաջարկվեց նաև Հայաստանին և Ադրբեջանին։ Սակայն քննարկումներում առաջընթաց չգրանցեց։ ԵՄ-ի փորձերը տապալվեցին՝ սկզբում հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նոր ալիքի, ապա՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էսկալացիայի հետևանքով։
Միացյալ Նահանգները կարող է այսօր վերսկսել բանակցությունները։ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը որդեգրել է ամբողջ աշխարհում հակամարտությունների լուծման ուղին, արդեն իսկ իր սեփական ծրագիրն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին, ասել են երկու օտարերկրյա դիվանագետներ։ Ընդհանուր առմամբ, այն կրկնում է ԵՄ առաջարկները, բայց հիմնված է ամերիկյան տրամաբանության վրա՝ երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի անմիջական մասնակցության միջոցով, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ, Ուկրաինայում հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքում։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը մեծ ջանքեր կգործադրի գործընթացը տեղից շարժելու համար: Կան երկու հնարավոր տարբերակ: Առաջինը՝ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրության հետ կապված պահանջներից՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Դրան կարելի է հասնել, օրինակ, Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով:
Երկրորդ, ավելի իրատեսական տարբերակը՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի ամերիկյան մոդելին՝ հրաժարվելով տվյալ երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Ամենայն հավանականությամբ, սա նաև կնշանակի, որ Հայաստանին կհրաժարվի շուտափույթ խաղաղության համաձայնագրի ստորագրման հույսերից, ինչն իր հերթին կդանդաղեցնի սահմանների բացման և երկարամյա մեկուսացման ավարտի գործընթացը։
Թեև քննարկումները դեռևս վաղ փուլում են և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել, որ դա հաջողություն կունենա: «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», — նա ինձ դա ասաց բավականին լուրջ տոնով», — նշում է պարբերականը: