Իրենք են սնել ու ստեղծել հրեշին, որ այսօր իրենց ատամներն է ցույց տալիս. Ադամյանը՝ ՌԴ-Ադրբեջան կոնֆլիկտի մասին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի իրադարձությունների հետևանքով սկսված նոր կոնֆլիկտին:

«Ինչի՞ց են բողոքում Մոսկվայում՝ բումերանգը վերադարձավ

Ռուս-ադրբեջանական հերթական բախումը սկսել է թեթևակի տարբերվել նախորդ սրացումից, երբ ՌԴ տարածքում խփվեց ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը: Դիվանագիտական թեթևակի սրախաղից ու Պուտինի թեթևակի ներողությունից հետո Բաքուն սուրը պատյանը դրեց՝ արյունը մոռացվեց: Փոխադարձ շահերը գերակշռեցին: Ի՞նչ է կատարվում հիմա, երբ Եկատերինբուրգում 2000-ականների ինչ-որ կոնֆլիկտների շարունակությունն է, որի ընթացքում իրավապահները սպանել են երկու /թիվը այդպես էլ չի հստակեցվում/ ադրբեջանցու, մի քանիսին ձերբակալել են: Ձնագունդը այս անգամ իսկապես գլորվեց, մանրամասներին չանդրադառնալով՝ արձանագրենք ռուս պաշտոնյաների ու մերձպաշտոնյաների անկեղծ զարմանքը:

Իսկ ինչի՞ց են զարմանում, երբ իրենք են սնել ու ստեղծել այն հրեշին, որ այսօր իրենց է ատամները ցույց տալիս.

Մոսկվան է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ ՙՄիայն բիզնես, ուրիշ ոչինչ՚ սկզբունքով գերզինելով Ադրբեջանին, Հայաստանին խոստանալով ստատուս քվոյի հավերժություն, Արցախի ու Հայաստանի անվտանգություն՝ դեռ դարասկզբից:
2018-ի հեղափոխությունից հետո Մոսկվան արդեն բացահայտորեն թեքվեց Ադրբեջանի կողմը և 2020-ին արտոնեց Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը: ՌԴ ՊՆ նախարարն էր Թուրքիայի ՊՆ նախարարին ասում՝ ՙՄիասին փայլուն օպերացիա անցկացրինք՚:
Ռուս խաղաղապահները իրենց առաքելության առաջին իսկ օրը խախտեցին ուժերի դասավորությունը և Ադրբեջանին հանձնեցին Խծաբերդը, Հին թաղերը, Խնածախը, որ նախատեսված չէր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հենց այդ օրը Բաքվին հանձնվեցին նաև հայ զինվորներ՝ ռուսների ձեռքով, և Մոսկվան ոչինչ չարեց նրանց վերադարձնելու համար:
Ռուս խաղաղապահները Արցախ էին մտել 5 տարով, բայց դարձան Ադրբեջանի բանակի վարձկաններ և ոչինչ չարեցին ոչ կեղծ բնապահպաններին Լաչինի միջանցքից հեռացնելու, ոչ Արցախի շրջափակումը վերացնելու համար: Նրանք կոնֆլիկտի կողմ դարձան՝ Ադրբեջանի կողմից:
2023-ին Մոսկվան ընդհանրապես, հակառակ իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանին հանձնեց Արցախը՝ նպաստելով էթնիկ զտման ու բռնագաղթի ադրբեջանական քաղաքականության իրականացմանը: Հետևանքը դարձավ՝ խաղաղապահների վտարումը, որ Մոսկվան հանգիստ կուլ տվեց:
2023-ին՝ Ուկրաինայի վրա հարձակումից մեկ օր առաջ ՌԴ-ն էր Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիր կնքում:
1994-ին Մոսկվան է փրկել Ադրբեջանին՝ պատերազմը ավարտել ոչ թե կապիտուլյացայի ակտով, այլ՝ զինադադարի համաձայնագրով, որպեսզի կոնֆլիկտը ոչ թե ավարտվի, այլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակը հաստատվի, որտեղ ցանկացած պահի կարող էր ագրեսիաներ նախաձեռնել: Արդեն չեմ ասում ՙԿոլցո՚ օպերացիան…
ՌԴ-ն չկատարեց ոչ հայ-ռուսական համաձայնագրով, ոչ ՀԱՊԿ-ով իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ՝ հօգուտ Ադրբեջանի, հնարավորություն տալով՝ Արցախը դատարկելուց հետո հարձակվել արդեն Հայաստանի վրա ու օկուպացնել ՀՀ տարածքները: Ավելին՝ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ սահմանները, որ ձեռնտու է միայն Ադրբեջանին:
Այս ամբողջ ընթացքում բոլոր հնարավոր իրավահարաբերություններում Կրեմլը և իր քարոզչամեքենան առիթը բաց չեն թողել Հայաստանին մեղադրելու, պահանջներ ներկայացնելու, ներքին գործերին խառնվելու, մինչդեռ Ադրբեջանը եղել է արտոնյալի կարգավիճակում՝ 0 քննադատություն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկատարելու, Արցախը հայաթափելու, հայ ռազմագերիներին չվերադարձնելու, հրադադարը պարբերաբար խախտելու, խաղաղության համաձայնագիրը /անգամ համաձայնացումից հետո/ չստորագրելու, նախապայմաններ առաջադրելու համար: Մոսկվան ու Բաքուն Երևանի դեմ գործել են ՀԱՄԱՏԵՂ:
Առևտրատնտեսական փոխադարձ շահերը /ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ ԵՄ արտահանելը, պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար անհասանելի ապրանքների մատակարարումը/, կոռուպցիոն սխեմաները այն ոսկելարն են, որ կապում են Մոսկվային ու Բաքվին:
Հ.Գ.

Այսքանից հետո, ըստ Կրեմլի, Բաքուն երախտագիտությունից մինչև դարավերջ պետք է ծառայեր միայն իր շահերին, բայց Մոսկվայում հաշվի չառան, որ իրենք ստեղծեցին այն գիշատչին, որը հենց զգաց իր ուժը, առաջինը կծելու է իրեն սնուցող ձեռքը, ինչը և կատարվում է հիմա:

Եվս մեկ ապացույց, որ տարածաշրջանային 3+2 ձևաչափը կեղծ ու անիմաստ, անբովանդակ է՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ:

Կրեմլը Հայաստանի դեմ նետեց պատերազմի բումերանգը, որ հիմա վերադառնում է իրեն Ադրբեջանից: Եվս մեկ ռեբուս Կրեմլից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները պարզելու փոխարեն՝ դարձյալ փորձում է միջամտել …Հայաստանի գործերին: Որովհետև Մոսկվան մնացել է 20-րդ դարակեսին և անգամ դարավերջ դեռ չի հասել ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ, հենց այդ պատճառով ՌԴ-ում իշխանության պահպանման միակ միջոց դարձել են պատերազմները, որպեսզի արտաքին թշնամուց պաշտպանվելու անվան տակ համախմբեն ներքին քաղաքականությունից դժգոհ ռուսաստանցիներին:

Հիբրիդային ու իրական պատերազմները, որտեղ Ռուսաստանը իսկզբանե պարտված է: Պատմականորեն»,- գրել է Ադամյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031