Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

«Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնել, որ այդ որոշումը կապահովի Ծառայության հետագա բնականոն զարգացումը, քանի որ Պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժ:

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն, կա գիտելիք, որովհետև առանց այդ ամենի հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ»,- հավելել է վարչապետը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է պրոֆեսիոնալ շարունակական զարգացման խթանների կարևորության՝ կամավոր ատեստավորման մասին, ինչպես նաև ծառայողի կողմից պարտականությունների կատարման համար պատշաճ միջավայրի և պայմանների ստեղծման, ծառայության տեխնիկական և նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորման մասին:

«Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ գոհ եմ Ծառայության աշխատանքից: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար այն ըմբռնմամբ, որ մենք պետք է ոչ մի վայրկյան չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղն արդեն կարող է բավարար չլինել»,- նշել է վարչապետը և մաղթել հաջողություն ու բարի ծառայություն:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031