Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և նորարարությունների ոլորտը մեծ առաջընթաց է գրանցել և ծաղկում է ապրում․ այն շատ արագ տեմպերով զարգանում է, և հայկական ընկերությունների կուտակած հարուստ փորձը կարելի է օգտագործել նաև աշխարհի շատ այլ երկրներում։
Նա մանրամասնել է, որ Texaf ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին և գործունեություն է ծավալում Կենտրոնական Աֆրիկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ «Texaf-ը նախկինում՝ մինչև 2007 թվականը, եղել է տեքստիլի գործարան, իսկ այսօր այն գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ անշարժ գույք. մենք մշակում և վարձակալության ենք տրամադրում առևտրային և բնակելի անշարժ գույք, քարհանք՝ շինարարության համար, իսկ 2020 թվականից մենք մուտք ենք գործել նաև թվային աշխարհ։ Մենք ունենք 30,000 քառակուսի մետր հողային տարածք, որը վերափոխել ենք խելացի քաղաքի։ Այնտեղ ունենք կամպուս, որտեղ մենք ձևավորում և վերապատրաստում ենք երիտասարդ ձեռնարկատերերի, ինչպես նաև սովորեցնում ենք ծրագրավորում»,-նշել է զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ Texaf-ը Կենտրոնական Աֆրիկայի ամենամեծ համագործակցային ընկերությունն է։ Անդրադառնալով Հայաստան կատարած այցելության նպատակներին՝ Ջերալդ Քրունենբերգսը շեշտել է, որ Երևան է հրավիրվել Բելգիա-Հայաստան առևտրի պալատի կողմից՝ տեսնելու և բացահայտելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտը, որն, իր խոսքով, ծաղկում է ապրում։
«Այցի շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելել TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Formula VC, ինչպես նաև հանդիպել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի հետ։ Նպատակն է հասկանալ, թե արդյոք կարո՞ղ է հնարավոր համագործակցություն լինել Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև՝ էկոհամակարգերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման առումով։ Մենք կարող ենք կազմակերպել ուսումնական արշավներ դեպի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ Հայաստանի ընդլայնվող ընկերությունները կարող են գալ և զարգացնել կամ ընդլայնել իրենց բիզնեսն Աֆրիկայում»,-մանրամասնել է Քրունենբերգսը։
Առավել մանրամասն խոսելով Հայաստանի հետ համագործակցելու հնարավոր ուղղությունների վերաբերյալ՝ բելգիացի գործարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտը իսկապես արագ տեմպերով զարգանում է՝ շնորհիվ նաև այն հանգամանքի, որ այդ բնագավառներում ներդրումներ են կատարվում ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։ «Այստեղ ես հասկացա, որ Հայաստանի ուժն այն է, որ ինչպես մասնավոր հատվածն, այնպես էլ կառավարությունը մեծ ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ սկսած TUMO-ից մինչև խոշոր, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծում: Եվ կարծում եմ, որ սա շատ լավ հիմք է, քանի որ անհրաժեշտ է, որ մասնավոր հատվածը և կառավարությունը համատեղ աշխատեն՝ սա հաջողության հասցնելու համար: Ըստ իս՝ այստեղի ուսուցման ծրագրերը շատ կարևոր կարող են լինել նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության համար: Ես կցանկանայի ունենալ, գուցե, արհեստական բանականության կամ նույնիսկ TUMO մոդելի ծրագրերից մեկը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այդ ծրագիրն արդեն շատ երկրներում կա, այնպես որ ինչո՞ւ չպատկերացնել TUMO ունենալը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում»,-ասել է Քրունենբերգսը:
Զրուցակցի խոսքով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ունի 100 միլիոնից ավելի բնակչություն, երկրի մայրաքաղաք Կինշասայում ապրում է շուրջ 17 միլիոն բնակիչ, որի 50%-ը 25 տարեկանից ցածր տարիք ունի, ինչը երիտասարդ տաղանդների հսկայական պաշար է, որը պետք է ձևավորվի, եթե ցանկություն կա բարձր տեխնոլոգիաների ոլորտում նույն զարգացումը գրանցել, ինչ Հայաստանում։ «Հայաստանը լավ ճանապարհի վրա է, լավ մոդել, որը կարող է ոգեշնչման աղբյուր լինել շատ այլ երկրների, ինչպես նաև Աֆրիկա մայրցամաքի համար»,-ընդգծել է զրուցակիցը։ Զրույցի ընթացքում Ջերալդ Քրունենբերգսը նաև բարձր է գնահատել և արդյունավետ է որակել Հայաստան կատարած այցն ու այստեղ տարբեր պաշտոնյաների հետ ունեցած շփումները։ «Ես իսկապես գնահատեցի այն, որ նրանք ժամանակ հատկացրին մեզ՝ Հայաստանի էկոհամակարգը բացատրելու համար։ Ես իսկապես կարծում եմ, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ուներ շատ լավ մտածված ծրագիր, թե ինչպես է պատկերացնում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ապագան։ Դա շատ հստակ տեսլական էր և շատ ոգեշնչող»,-նշել է բելգիացի գործարարը։
Խոսելով Հայաստանի և Բելգիայի համագործակցության մասին՝ գործարարը նշել է, որ Բելգիա-Հայաստան առևտրի պալատն արդեն իսկ աշխատանքներ տանում է երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ, սակայն կան համագործակցության նոր հնարավորություններ ու ուղղություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն։ «Հայաստանում բացառիկ տաղանդներ կան, իսկ Բելգիայում՝ գիտելիք ու փարձառություն։ Կարծում եմ` եթե դրանք համադրենք, կարող ենք հիանալի արդյունք ստանալ։ Ես նույնիսկ կհետաքրքրվեի այստեղի ներդրողների և բիզնես ինժեներիայի ծրագրերով՝ նրանց ու բելգիացի պոտենցիալ ներդրողների հետ կապեր ստեղծելու համար։ Կարծում եմ, որ սա շատ դրական ազդանշան է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,-եզրափակել է Texaf ընկերության ներկայացուցիչ Ջերալդ Քրունենբերգսը։