Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչի՝ փակել Մինսկյան գործընթացը և դրան առնչվող կառույցները, ադրբեջանական Report-ին հայտնել են կազմակերպության շտաբ-բնակարանում։
Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։
ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ դիմում՝ Նախարարների խորհրդին ուղղված առաջարկով՝ լուծելու Մինսկի խմբի և դրա հետ կապված այլ ինստիտուտների փակման հարցը։
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հայտարարել է, թե հակամարտությունը լուծված է, և նման պայմաններում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ դրա ինստիտուտների կարիք չկա։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանը համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ, ստորագրել են խումբը լուծարելու համատեղ կոչ: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երկու պայմաններից մեկն էր: