Skip to main content

Աշխատաժողով, աշխատանքի տոնավաճառ, հանդիսավոր նիստ․ ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 107-ամյակին նվիրված միջոցառումները

Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-րդ տարեդարձին նվիրված նախաձեռնություններն ամփոփվել են մի շարք միջոցառումներով։

Տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ընթացքում ծառայողներն արժանացել են բարձր պարգևների՝ ծառայողական պարտականություններն ու հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար։ Բացի այդ՝ քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մշակութային միջոցառումներ անցկացնելու համար շնորհակալագրեր են տրվել գործընկեր կազմակերպություններին։

Միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Ռուստամ Բաքոյանը, Ներքին գործերի, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, միջազգային և ազգային գործընկեր կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև գիտական համայնքի ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայողների կադրային քաղաքականության գործընթացը և Ծառայությունում իրականացվող բարեփոխումները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում 2026 թվականի ընթացքում իրականացված տեխնիկական հագեցվածությանը և նորարարական լուծումներին, պահման պայմանների բարելավմանը, վերասոցիալականացման գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, վերջին հինգ տարիների ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատման, կրթական, մշակութային, աշխատանքային գործընթացների դրական դինամիկաներին։

Հանդիսավոր արարողությունից հետո կայացել է «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող Քրեակատարողական ծառայություն» խորագրով աշխատաժողովը, որը համախմբել է փորձագետների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Ծառայության աշխատակիցների, դասախոսների և ուսանողների։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտի արդիական թեմաները։

Աշխատաժողովն առանձնահատուկ է եղել նաև նրանով, որ ներկա են գտնվել ազատազրկված անձինք, որոնք հանդես են եկել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումները․ հայացք ներսից» բանախոսությամբ՝ ներկայացնելով համակարգի բարեփոխումների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու փորձառությունը։

Աշխատաժողովին զուգահեռ` անցկացվել է նաև Քրեակատարողական ծառայության աշխատանքի տոնավաճառը, որի ընթացքում Ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողներն աշխատանք փնտրող քաղաքացիներին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթները և աշխատանքային պայմանները։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30