Իսրայելի որոշ շրջաններում օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի ռեկորդային բարձր ցուցանիշներ են գրանցվել, արդեն մի քանի օր է՝ երկրի ողջ տարածքը ուժեղ շոգի ազդեցության է ենթարկվում։ Որոշ վայրերում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել այս օրվա համար, հայտնել է Իսրայելի օդերևութաբանական ծառայությունը։
Ըստ տվյալների՝ երկրի հյուսիսում գտնվող Սաֆեդ քաղաքում օրվա ընթացքում ջերմաչափը բարձրացել է մինչև 41.3 աստիճան Ցելսիուս, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել այս քաղաքում 1939 թվականից ի վեր անցկացվող օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը կազմել է 40.6 աստիճան։
Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Էյլոն կիբուցում օդը տաքացել է մինչև 42.7 աստիճան, որը նույնպես պատմական առավելագույն ցուցանիշ է եղել։ Նախորդ ռեկորդը եղել է 40 աստիճան։ Երկրի հյուսիսային մասում մեկ այլ ռեկորդ է գրանցել Այելեթ Հաշահար գյուղում, որտեղ գրանցվել է 46.8 աստիճան ջերմաստիճան։
Համաձայն օդերևութաբանական ծառայության տվյալների՝ չորեքշաբթի օրը Իսրայելում ամենաշոգը եղել է Հորդանանի հովտում։ Այնտեղ ամբողջ երկրի համար առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Գալգալ բնակավայրում՝ օդը տաքացել է մինչև 49.7 աստիճան, ինչը նոր պատմական ռեկորդ է Հորդանանի հովտի ողջ տարածքի համար։ Նախկին առավելագույնը այնտեղ կազմել է 49.3 աստիճան։
Ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև երկրի հարավում։ Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքում ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 48,8 աստիճան։ Ինչպես նշել են օդերևութաբանական ծառայությունից, պատմական ռեկորդը կրկնելու համար չի բավականացրել մեկ տասներորդ աստիճան։ Ընդ որում, Էյլաթի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքային լողափերում գրանցվել է 51,1 աստիճան ջերմաստիճան, սակայն այդ դեպքում խոսքը եղել է ոչ թե օդերևութաբանների հատուկ սարքավորումների, այլ հենց ծովի մոտ տեղադրված ջերմաչափերի պակաս ճշգրիտ ցուցանիշների մասին։