Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ռոբերտ Սեկուտան և Ռիչարդ Մորնինգսթարը Atlantic Council-ում հրապարակված իրենց վերլուծության մեջ գրել են, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Խաղաղության համատեղ հռչակագիրը կարևոր քայլ է Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունության, խաղաղության և բարգավաճման ամրապնդման ճանապարհին։ ԱՄՆ-ի մասնակցությունը վճռորոշ դեր է խաղացել ստորագրման նախապատրաստման գործում, և Վաշինգտոնի հետագա ներգրավվածությունը անհրաժեշտ կլինի համաձայնագրի հաջող վավերացման և իրականացման համար։
Կան նաև կարևոր աշխարհաքաղաքական հետևանքներ։ Հանդիպումն ու հռչակագիրն անհրաժեշտ ազդանշաններ են հղել Ռուսաստանին, Իրանին և տարածաշրջանային այլ խաղացողներին։ Միացյալ Նահանգներն այժմ կարող է վճռորոշ դեր խաղալ Հարավային Կովկասում՝ օգնելով տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, վերահսկելով առաջարկվող տարանցիկ միջանցքը և հակազդելով երրորդ կողմերի ցանկացած վնասակար ազդեցության։
Կարևոր է, որ Թուրքիան այժմ կարող է հանդես գալ որպես բուֆեր և զսպող գործոն՝ տարածաշրջանում ցանկացած անցանկալի միջամտության դեմ։ Անցյալ շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս քաղաքականության փոփոխություն, որին մենք կոչ էինք անում, երբ աշխատում էինք Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ՝ հրաժարում այն մոտեցումից, որով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը կարելի է միայն «կառավարել» և անցում դեպի այն մոտեցումը, որով այն կարելի է և պետք է լուծվի։
Սակայն համատեղ հռչակագիրը վերջնական խաղաղության համաձայնագիր չէ։ Այն ինքնին ամբողջությամբ չի ավարտում հակամարտությունը, որը վերածվել էր բացահայտ պատերազմի երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև՝ Խորհրդային Միության գոյության վերջին օրերին։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի համատեղ հռչակագրի առաջին պարբերությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «մասնակցել են … երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրմանը» և ընդունել են «համաձայնագրի ստորագրման ու վերջնական վավերացման հասնելու համար հետագա գործողությունների» անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել են «մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը»։ Հռչակագիրը պարունակում է բազմաթիվ դրական և կառուցողական դրույթներ, որոնք, հաջող իրականացման դեպքում՝ կարող են կայուն խաղաղություն ստեղծել տարածաշրջանում։ ԱՄՆ-ը պետք է շարունակի առաջատար դեր խաղալ բոլոր անհրաժեշտ քայլերի իրականացումն ապահովելու գործում։
Վաշինգտոնի հանդիպումը նախատեսում էր նաև մեկ այլ քայլ դեպի վաղուց հասունացած խաղաղությունը․ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզով ավտոմոբիլային, երկաթուղային և հնարավոր է, նաև նավթագազատարների կապ հաստատելու անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանի մայրցամաքային մասը կապվի նրա Նախիջևանի անկլավի հետ։ Հռչակագրում «վերահաստատվում է երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը… պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի հիման վրա»։ Այնուհետև նշվում է. «Այս ջանքերը պետք է ներառեն անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձաբար շահավետ լինելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապերի համար»։
Այնուհետև հայտարարության մեջ ասվում է.
Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և համատեղ որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային կապի նախագծի համար շրջանակ ստեղծելու ուղղությամբ։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը այն մասին, որ պետք է բարեխիղճ ջանքեր գործադրել այս նպատակին հնարավորինս սեղմ ժամկետում հասնելու համար։
Այս դրույթը շեշտում է առանցքային մի գործոն, որպեսզի հռչակագիրը գործի և բերի ցանկալի խաղաղապահ արդյունք՝ Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա դրան և մնա ակտիվ ու նկատելիորեն ներգրավված դիրքում։ Հաղորդվում է, որ հռչակագիրը նախատեսում է ամերիկյան մասնավոր հատվածի մասնակցությունը Հայաստանի Սյունիքի մարզի 27 մղոնանոց հատվածում նոր ճանապարհների կառուցման և սպասարկման, ինչպես նաև նոր ժամանակակից երկաթուղային գծի և հնարավոր է՝ նոր նավթային ու գազային խողովակաշարերի ստեղծման գործում։ Գաղափարն այն է, որ այս կապերը միացնեն ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի տարածքները, այլև ապահովեն ելք Թուրքիայից և Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա, և հնարավոր է՝ նաև Չինաստան և Հարավային Ասիա։
Բայց միայն բարեմաղթումներն ու բանավոր հայտարարությունները բավարար չեն։ Այսուհետ Սպիտակ տունը պետք է հանձնարարի, լիազորի և ուղղորդի Պետդեպարտամենտի, Առևտրի նախարարության, Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի, Առևտրի զարգացման գործակալության և հավանաբար, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, այդ երկրների ընկերությունների և ամերիկյան ընկերությունների հետ աշխատելու համար։ Միայն ԱՄՆ-ի նման համաձայնեցված մոտեցմամբ հնարավոր կլինի օգնել այդ տրանսպորտային հաղորդակցությունները, իսկ դրանց հետ մեկտեղ իրականություն դարձնել նաև խաղաղության, անվտանգության և բարգավաճման առավելությունները։
Բացի այդ, Պետդեպարտամենտը և այլ գերատեսչություններ պետք է համագործակցեն Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որպեսզի նոր տրանսպորտային կապերը բացահայտեն իրենց ամբողջ առևտրային և աշխարհաքաղաքական ներուժը, այդ թվում՝ որպես հակակշիռ Չինաստանի տարածաշրջանային հավակնություններին։ Մենք երկուսս էլ լավ գիտենք, թե ինչ աշխատանք ենք տարել մենք, մեր դեսպանատները և Վաշինգտոնի համապատասխան ստորաբաժանումները Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում էներգետիկ խողովակաշարերը կառուցելու համար։ Այդ փորձը կարող է ծառայել որպես մոդել տարածաշրջանի զարգացման նոր փուլի համար։
Նույն կերպ ԱՄՆ-ը պետք է օգնի հայերին և ադրբեջանցիներին ձեռնարկել այլ անհրաժեշտ քայլեր՝ իրական, կայուն խաղաղության հասնելու համար։ Այս աշխատանքը պետք է ներառի ակտիվ համագործակցություն ադրբեջանցիների և հայերի հետ՝ գրեթե չորս տասնամյակ տևած թշնամությունից հետո անձնական շփումներ հաստատելու և փոխըմբռնում զարգացնելու համար։ ԱՄՆ-ն արդեն իսկ ստեղծել և իրականացրել է ծրագրեր ամբողջ աշխարհում, որոնք հաջողությամբ քանդել են կանխակալ պատկերացումները, նպաստել են նախկին թշնամիների միջև ավելի լավ փոխըմբռնմանը և ստեղծել կայուն խաղաղություն։ ԱՄՆ-ն կարող է և պարտավոր է դա նորից անել։
Պետք է խոստովանել, որ նման նախաձեռնություններով զբաղվող բազմաթիվ մասնագետներ հեռացվել են աշխատանքից և որ զգալի փորձաքննություն է կորսվել Պետդեպարտամենտում, Միջազգային զարգացման գործակալությունում և այլ կառույցներում վերջերս տեղի ունեցած կրճատումների պատճառով։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ այդ փորձագետներից ոմանց հաջողվի վերադարձնել և ներգրավել տարածաշրջանում Սպիտակ տան նպատակներին հասնելու համար։ Բացի այդ, կան ոչ կառավարական կազմակերպություններ, համալսարաններ և վերլուծական կենտրոններ, որոնք ապացուցել են իրենց հաջողակ լինելը խաղաղապահ գործունեության մեջ և որոնք նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ այդ ջանքերում։
Օգոստոսի 8-ի հանդիպումներն ու հռչակագիրը նշանակալի և անհրաժեշտ քայլեր են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։ Սակայն, որքան էլ անհրաժեշտ և գովելի լինեն այդ քայլերը՝ պատմությունը դրանք կդատի ըստ այն բանի, թե ինչ կլինի հետո։ Շատ ավելին է անհրաժեշտ անել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն, կայունություն և բարգավաճում, իսկ այդ նպատակին հաջողությամբ հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի շարունակական ակտիվ մասնակցությունը։