Որակյալ կրթությունը նաև բովանդակային փոփոխություններն են: Լրացնելով հանրակրթության չափորոշչի, մասնագիտական զարգացման, կառավարման բարեփոխումները՝ մենք ներդնում ենք նաև նոր գործիքակազմեր, որոնք մի կողմից թույլ են տալու գնահատել դպրոցների աշխատանքը, խրախուսել այն դպրոցներին, որոնք լավ աշխատանք են անում և այդ իմաստով նաև խթանել կրթության ոլորտում գերազանցությունը, նորարարությունը, որը նաև կրթական համակարգի զարգացման առանցքային բաղադրիչն է, մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն դպրոցներին, որոնք չունեն բավարար արդյունքներ: Այս մասին Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգ սահմանելու մասին» նախագիծը:
Նա նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը երկու բաղադրիչ ունի, այնուհետև ներկայացրել դրանք:
«Առաջին բաղադրիչը բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներն են, որոնց մրցութային հիմունքներով նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում տարեկան մինչև 10 միլիոն դրամի չափով, որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին, այսինքն՝ հիմնականում այս աշխատանքները պետք է ուղղված լինեն մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, նոր մեթոդների ներդրմանը, նորարարական տեխնոլոգիաներին: Այս միջոցները կարող են ուղղվել նաև դպրոցի փորձը տարբեր հարթակներում ներկայացնելուն, այդ թվում նաև կրթության ոլորտում միջազգային աշխատաժողովներին և համաժողովներին մասնակցելու, ինչը կարծում ենք, որ մեծ հեռանկար ու ճանապարհ կբացի մեր համակարգում լավ արդյունքներ ցույց տվող դպրոցներին՝ էլ ավելի առաջ գնալու»:
Անդրեասյանն ընդգծել է, որ ամեն տարի՝ մինչև հունիսի 30-ը, հնարավորություն են տալու, որ դպրոցները, պայմաններին համապատասխանելու դեպքում դիմեն մրցույթին: Նա ասել է, որ հաշվի է առնվելու դպրոցում կամավոր ատեստավորված ուսուցիչների քանակը, և ոչ միայմ։
«Այն դպրոցները, որոնց ուսուցիչների 50% և ավելին կամավոր ատեստավորված են, այն դպրոցները, որոնց ուսուցիչների 20% և ավելին տարակարգ ունեն, այն դպրոցները, որտեղ աշակերտները մասնակցում են առարկայական օլիմպիադաներին և նախորդ տարում առնվազն աշակերտական համակազմի 5%-ը օլիմպիադաների մասնակից է եղել և ունեցել են հանրապետական փուլի մասնակից: Այսինքն՝ այնպիսի ցուցանիշներ են, որոնք շատ չափելի են և միևնույն ժամանակ ցույց են տալիս դպրոցի կողմից կրթական վարվող քաղաքականությանը, մասնակցությունը և դպրոցի նախաձեռնողականությունը», — ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարը կարևոր է համարել նշել նաև, որ սահմանվել է կարգ, ըստ որի մեկ անգամ ֆինանասավորում ստացած դպրոցը կարող է մրցույթին կրկին մասնակցել առնվազն երեք տարի հետո՝ մրցակցության խթանման նպատակով:
Ինչ վերաբերում է ցածր կատարողականին՝ Անդրեասյանը նշել է, որ ամեն տարի՝ հոկտեմբերի ընթացքում, տեղեկատվական համակարգում արդեն իսկ յուրաքանչյուր դպրոցի մասին առկա մանրամասն տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն՝ համապատասխան այն գնահատման չափանիշների, որոնք սահմանված են կարգում, և առանձնացվելու են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները:
«Հաջորդ փուլում Գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ հաստատություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման գործընթաց, և մենք տեսնելու ենք նաև տեղեկատվական համակարգի տվյալներով ամենացածր ցուցանիշներ ունեցող դպրոցներում երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը։ Այս երկու տվյալների արդյունքներով ընտրվելու են առավելագույնը 30 հաստատություններ։ Այդ հաստատություններին կցվելու են մենթոր դպրոցներ կամ հաստատություններ, որոնք պետք է աջակցեն նրանց և կազմվելու է ծրագիր, որը երկու տարի տևողություն պիտի ունենա և այդ տևողությամբ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվելու դպրոցներում անհրաժեշտ աշխատանքները իրականացնելու՝ տարեկան բյուջեի 5%-ի չափով, որը չի կարող պակաս լինել 5 մլն դրամից», — մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը։
Նա հավելել է, որ առաջին տարվա արդյունքով շարունակաբար իրականացվելու է մոնիտորինգ, երեխաների գիտելիքների ստուգում և այնուհետև երկու տարվա արդյունքով, եթե չգրանցվի բավարար արդյունք, ապա քննարկվելու է դպրոցի ղեկավարության պաշտոնավարման հարցը։
Ծրագիրի բուն գործընթացը նախատեսվում է մեկնարկելսկսվող ուսումնական տարում, այսինքն՝ 25-26 ուսումնական տարում: Դպրոցները հնարավորություն կունենան դիմել մրցույթին մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: