Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ հարցազրույց՝ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024/25 մրցաշրջանը լի էր հետաքրքիր խաղերով, գեղեցիկ պահերով ու բացառիկ արդյունքներով:

Այս մրցաշրջանում փայլեց Երևանի «Նոա»-ն, որն առաջին անգամ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, ինչպես նաև կարողացավ երկրորդ անգամ նվաճել Հայաստանի գավաթը:

«Նոա»-ն այս մրցաշրջանում նաև յուրատեձսակ ռեկորդ սահմանեց՝ դառնալով Հայաստանի առաջնության պատմության առաջին թիմը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել է բոլոր տնային խաղերում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփեց ավարտված մրցաշրջանը, խոսեց թիմի հաջողության ու բացառիկ արդյունքի մասին, ինչպես նաև ներկայացրեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում իր տեսլականը:

-Պարոն Մոտա, նախ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի առաջնության չեմպիոն երկրի գավաթակիր դառնալու առթիվ: Ինչպիսի՞ն էր մրցաշրջանն ընդհանուր առմամբ:

-Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեցինք: Մրցաշրջանի մեկնարկին մենք երեք նպատակ էինք դրել մեր առաջ: Առաջինը եվրագավաթներում հանդես գալն էր, ինչն ունեցանք: Նպատակներից էր առաջին անգամ դառնալ Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող: Եվ, իհարկե, գավաթում հաղթանակի հասնելն էր, ինչն իրականություն է: Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր: Տղաները ու մեզ շրջապատող ամբողջ անձնակազմը մեծ աշխատանք կատարեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ես իսկապես հպարտ եմ մեր այս նվաճումներով:

-Ո՞րն է եղել «Նոա»-ի համար որոշիչ պահն ամբողջ մրցաշրջանում:

-Գիտեք, որոշիչ էր այն, որ ակումբի ներսում յուրաքանչյուրս այնքան ջանասիրաբար էինք աշխատում, որ հասնենք մեր նպատակներին: Որոշիչ էր մեր մտածելակերպը` սկսած ակումբի նախագահից մինչև յուրաքանչյուր աշխատող, որն իր տեղում իր գործն էր անում: Մենք այստեղ մի մեծ ընտանիք ենք ու հաղթանակների նկատմամբ մեր «քաղցն» այս ճանապարհը ավելի բացառիկ դարձրեց:

— Պարոն Մոտա կարո՞ղ եք երեք բառով նկարագրել այս մրցաշրջանը:

-Երեք բառ` պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան:

— Կուզենայի լսել Ձեր կարծիքը մրցաշարային աղյուսակի հաջորդ երեք թիմերի մասին:

-Նրանք մեր մրցակիցներն էին այս մրցաշրջանում և հենց նրանք էին, որ մեզ մրցակցող մրցաշրջան տվեցին ու մեզ մեկ քայլով ավելի լավը դարձրին: Գիտեմ, որ բոլորն էին ձգտում հաղթանակի, ու մրցաշարերը հենց նրա համար են, որ մրցակցության միջոցով հասնես հաղթանակի: Շնորհակալ եմ նրանց` մեզ հնարավորին առաջ մղելու համար:

-Եվ այժմ դուք Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրն եք: Ինչպիսի՞ թիմ եք ուզում տեսնել հաջորդ մրցաշրջանի համար:

-Ուզում ենք շարունակել նույն ոգով ու առաջ գնալ` ինքներս մեզ առավել լավը դարձնելով: Մենք դեռ շատ երազանքներ ունենք, որոնք պետք է իրագործենք: Փորձելու ենք առավել ուժեղացնել մեր թիմը: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց մենք կարող ենք կրկին հաղթանակի ձգտել: Նպատակ ունենք առավել գեղեցիկ ոճով, ավելի շատին ձգտել:

-Եվ ի՞նչ նպատակներ ունեք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հետ կապված:

-Մեր ակումբի համար շատ կարևոր է, որ կրկին հանդես ենք գալիս եվրագավաթներից մեկում: Պայքարելու ենք ամեն գնով, ամեն ինչի համար: Իմ կարծիքով` այնպիսի կայուն նախագիծը, ինչպիսին «Նոա»-ն է, կարող է կրկին պայքարի մեջ մտնել եվրոպական մրցաշարերում` լինի դա Չեմպիոնների լիգան, Եվրոպայի լիգան, թե Կոնֆերենցիաների լիգան:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ինձ մնում է Ձեզ միայն հաջողություն մաղթել առաջիկա նախաձեռնություններում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031